17-10-2014 12:59

ԵԽԽՎ-ն լկտի որոշում է կայացրել, ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում.քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիեսի ժամանակ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն անրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողի պաշտոնում նշանակված Ռոբերտ Ուոլտերի «Լեռնային Ղարաբաղում և մյուս օկուպացված տարածքներում իրավիճակի սրացման մասին» թեմայով պատրաստվելիք զեկույցին  նշեց, որ շատ զարմացած է այն լռությունից, որ այժմ տիրում է Հայաստանում՝ կապված այս զեկուցման վերնագրի հետ. «Մենք լռելու իրավունք չունենք, քանի որ դա նշանակում է մասնակից լինել հանցագործությանը: ԵԽԽՎ-ի ընդունած որոշումը հակամարդկային է և հակաօրինական, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա: Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ինչպես նախորդ երկու անգամները, այս անգամ ևս որպես զեկուցող է ընտրվել անգլիացի. «Անգլիան իսկապես շատ շահագրգված է մեր տարածքով: Իսկ ինչ վերաբերում է անձամբ Ռոբերտ Ուոլտերին, ապա նա հայտնի է որպես արտահայտված հակառուսական գործիչ: Նա գարնանը առաջարկեց սառեցնել Ռուսաստանի մասնակցությունը ԵԽԽՎ-ին»,- ընդգծեց բանախոսը հավելելով, որ ամենայն հավանականությամբ այս լկտի որոշումը կապված է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հետ. «Ոչ միայն պետք է բողոքարկենք ԵԽԽՎ-ի այս քայլը, այլև պետք է դատի տանք նրան, քանի որ դա պատերազմի մղող քայլ է: Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է պահանջեն, որ զեկուցման վերնագիրը փոխվի և չպետք է թույլ տան, որ նման վերնագրով զեկուցման հեղինակը ոտք դնի իրենց տարածքներ»: Քաղաքագետը հիշեցրեց, որ Արցախն արդեն հայտարարել է, որ չի թույլ տալու այդ մարդու մուտքն իր պետություն, իսկ Հայատանը` դեռևս ոչ: