05-03-2014 13:11

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին է անդրադառնում Ստեփան Սաֆարյանը

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին միանգամայն այլ ուղի է անցել եւ այդ տեսանկյունից նրան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համեմատելը տեղին չէ:

՛՛ «Բարգավաճ Հայաստանը» երբեք էլ չի հայտարարել, որ լայնազանգված հեղափոխություն կանի: Այն, ինչի մասին նրանք հայտարարում են, պարզապես իշխանությունը կիսելու վերաբերյալ պահանջ է: «Վրացական երազանքն» ընդառաջ գնաց բոլոր ռիսկերին, սակայն ԲՀԿ-ն դրան չի գնում: Ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչպես է առաջին նախագահը վերաբերվում Գագիկ Ծառուկյանին, ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն առաջատար ուժ հանդիսանալ՝ փոփոխություններ իրականացնելու համար»,-նշեց Սաֆարյանը, հավելելով, որ օբյեկտիվ տեսանկյունից ԲՀԿ-ն նման ուժ չի կարող լինել, քանի որ նման ուժը պետք է իշխանությունների առաջ պարտականություններ կատարելուց ազատ լինի:

Հիշեցնենք, որ մարտի մեկին կայացած հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից, ով կարողացավ փափուկ կերպով իշխանափոխություն անել»: