Բավ է պառակտվել
24-10-2014 18:46

ԵՏՄ-ի անդամակցության դեմ խոսելը վնասակար է. Լեւոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

Տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է ԵՏՄ-ի շրջանակներում, հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլեւս անիմաստ, ուշացած եւ վնասակար է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, եռյակի հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա մասնավորապես, ասել է.

«Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ես խոսեցի ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրման պայմանագրի փաստի մասին, քանի որ դա տեղի էր ունեցել հանրահավաքից մի քանի ժամ առաջ: Այժմ ես պատրաստ եմ այդ առթիվ ձեզ իմ դիտարկումները ներկայացնելու:

Ամիսներ առաջ ես նշել էի, որ դա անշրջելի է, իսկ Մինսկում դա հաստատվեց։ Տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում: Հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլեւս անիմաստ, ուշացած եւ վնասակար է: Իրականության զգացումը չկորցրած ցանկացած մարդ դա կարող է հասկանալ: Հարուստ Ուկրաինան հակառակ իր կրած կորուստների մի օր ոտքի կկանգնի ու կկանգնի հարուստ ու բարգավաճ երկրների կողքին: Միթե դժվար է հասկանալ, որ Ուկրաինային բաժին հասածի 10 տոկոսը Հայաստանին հասնելու դեպքում մեր երկրից բան չէր մնա: Նույն Արեւմուտքը ըմբռնումով է մոտենում հայաստանի ընտրությանը, մինչդեռ այսօր մի բուռ մարդիկ մեր երկրում փորձում են հակառուսական տրամադրություններ հրահրել, առանց հասկանալու, որ Հայաստան ում նման տրամադրությունների համար նպաստավոր հող չկա: Եթե լիներ, անցած տարվա սեպտեմբերից հետո թող փողոց դուրս գային:Հիմա ինչ է: Ինչ է, թե Հայաստանը սարգսյանական վարչախմբի ձախորդ քաղաքականության հետեւանքով հայտնվել է ԵՏՄ-ում, ազգովի լաց լինե՞նք, վերջնականապես վհատեցնե՞նք մեր ժողովրդին, թե թեւներս քշտենք ու փորձենք բարելավել մեր երկիրը: Հայաստանի խնդիրը ԵՏՄ-ում այնպիսի անբասիր իշխանություններով ներկայանալն է, որ ի վիճակի լինի հնարավորություններն օգտագործել հանուն մեր երկրի: Սարգսյանական ռեժիմը այն իշխանությունը չէ, որ ի զորու է իրականացնել այդ առաքելությունը, սա էլ մի լրացուցիչ հիմք է այդ ռեժիմից ազատվելու համար: Նոր իշխանությունների պարագայում ԵՏՄ-ի կազմում անգամ Հայաստանը կարելի է դարձնել իրավական եւ հզոր պետություն: Չափազանցված են Հայաստանի սուվերենության կորստի մասին խոսակցությունները: Ցանկացած միջազգային կազմակերպության անդամագրվելով եւ նրա անդամների հետ փոխադրաձ պարտավորություններ ստանձնելով, պետությունները մանսակի կորցնում են իրենց իրավասությունների մի մասը: Ինչպիսի կառույց էլ մտնենք, միեւնույն է՝ կորցնելու ենք ինքնիշխանության մի մասը, ինքնակամ: ՄԱԿ֊ին, ԵԽԽՎ-ին այլ կառույցների միացողները կորցրել են ինքնիշխանության մի մասը: Կա կանոնադրություն, որոնց պիտի ենթարկվել:Եթե անգամ Եվրասիականի փոխարեն Հայաստանը ստորագրեր ասոցացման պայմանագիրը, կամ միանար Եվրամիությանը, միեւնույն է զրկվելու էր, գուցե ավելի, քան Եվրասիականին միանալու դեպքում: Ինձ միամիտի տեղ դնելով կարող են հակաճառել, թե Եվրասիական միությունում Ռուսաստանը լինելու է թելադրողի դերում: Իսկ ով ասաց, թե ՄԱԿ-ում, Եվրամիությունում չկան այդ թելադրողները: ՄԱԿ-ում վետոյի իրավունք ունեցողներն են, ԵՄ-ում՝ Ֆրանսիան եւ Գերմանիան»: