07-05-2016 09:40

ԼՂՀ անկախության միակողմանիորեն ճանաչումը խելահեղ միտք է. Տեր-Պետրոսյան

«Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։ Այս կապակցությամբ ես ուշադրություն եմ ուզում հրավիրել ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոների ս.թ. մայիսի 5-ին արած հետեւյալ հայտարարության վրա. «Միացյալ Նահանգները, միջազգային հանրության մնացյալ անդամների հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է համընդգրկուն կարգավորման կոնտեքստում»։ Իսկ համընդգրկուն կարգավորում ասվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ Մինսկի խմբի համանախագահության կողմից Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում եւ ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը։

Ուստի Հայաստանն իր գործողություններով (խոսքը մասնավորապես Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչելու գաղափարի մասին է) ոչ թե պետք է շեղվի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից, այլ ընդհակառակը, ամբողջապես ներգրավվի Մինսկի խմբի բանակցային գործընթացում եւ կառուցողաբար ձգտի հասնել իր նպատակին, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այդ գործընթացի օրակարգում քննարկվող փաստաթուղթը պարունակում է Ղարաբաղի անկախության ձեռքբերման անհրաժեշտ իրավական հիմքերը։ Այս առումով գնահատելի եմ համարում, որ Հայաստանի իշխանությունները, Ղարաբաղի ղեկավարության համամտությամբ, ողջամտորեն խուսափեցին որոշ խորհրդարանականների անհաշվենկատ նախաձեռնությանը տուրք տալու գայթակղությունից։ Միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, հղի է անկանխատեսելի ու աղետալի հետեւանքներով, որոնք այնքան ակնհայտ են, որ հարկ չկա անգամ թվարկելու։ Ազգային փոքրամասնությունների անկախացման բոլոր հաջողված դեպքերը (Էրիտրեա, Արեւելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսեթիա) տեղի են ունեցել բացառապես այդպիսի աջակցության առկայության շնորհիվ։ Հետեւաբար, քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից։

Կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաեւ Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարեւոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, որի էությունը հետեւյալն է։ Երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։

Ի դեպ, այս կռվանը ժամանակին օգտագործվել է հայկական դիվանագիտության կողմից։ Դեռեւս ԵԱՀԿ 1996 թվականի լիսաբոնյան գագաթնաժողովում ունեցած իմ ելույթում ես, մասնավորապես, ասել եմ հետեւյալը. «Այս գագաթնաժողովում, մեզ թվում է, Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։ Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988 թ. փետրվար), Կիրովաբադի (1988 թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990 թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991 թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։ Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է» (Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան 2006, էջ 549)։ Ամիսներ անց այս միտքը շատ ավելի հստակ ես արտահայտել եմ ֆրանսիական «Պոլիտիկ Էնտերնասիոնալ» հանդեսին տված հարցազրույցում. «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը բխում է ոչ թե պարզ ազգային ամբիցիայից, այլ այն հստակ գիտակցությունից, որ (Լիսաբոնում) առաջարկված լուծման դեպքում Ղարաբաղի հայության գլխին մշտապես կախված է լինելու ցեղասպանության վտանգը։ Հայ ժողովուրդն այս դարում արդեն մեկ անգամ ենթարկվել է ցեղասպանության։ Երկրորդ ցեղասպանություն նա չի հանդուրժի» ("Politique internationale", No. 75, 1997. հայերեն թարգմանությունը` Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան 2006, էջ 552)։ «Remedial secession» սկզբունքի կիրառման փաստարկն ընդգրկվել է նաեւ Միջազգային Ճգնաժամային Խմբի (ICG) Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված 2005 թվականի զեկույցում, խմբի վերլուծաբան Լեւոն Զուրաբյանի պնդմամբ։

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման կարեւորությունն այնքան մեծ է, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի այն անտեսել։ Բարեբախտաբար, մենք ունենք միջազգային իրավունքի մի հրաշալի մասնագետ, որը տարիներ շարունակ տարբեր ֆորումներում զբաղվում է տվյալ դոկտրինի մշակման աշխատանքներով եւ մեծ հեղինակություն է վայելում այդ ֆորումներում։ Դա ֆրանսահայ հայտնի փաստաբան Րաֆֆի Գալֆայանն է, որը վերջերս ինձ գրած անձնական նամակում պատրաստակամություն է հայտնել, համապատասխան մասնագետների ուղեկցությամբ, գալ Երեւան եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին ձեռնարկել Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնյակ տարիներ շարունակ կիրառված մարդու իրավունքների ոտնահարումներին, բռնի տեղահանություններին, պատերազմական գործողություններին վերաբերող մի ծանրակշիռ թղթածրարի պատրաստմանը՝ այն միջազգային ատյաններում ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացնելու համար։ Վստահ եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն սիրահոժար կերպով կօգտվի այս պատեհությունից։