25-01-2014 14:48

ՙՍահմանի լարվածությունը ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրք-ադրբեջանական համագործակցության արդյունքն է՚. Լ. Շիրինյան

 Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը համոզմունք հայտնեց ասելով. «Իրադարձությունները սահմանի վրա մեզ մոտ ճիշտ չեն գնահատվում: Իմ կարծիքով` մինչև 2015 թվականը ադրբեջանցիների հարձակումները ավելանալու են: Սա Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրք-ադրբեջանական համագործակցության արդյունքն է, և մինչև 15 թիվը թուրք-ադրբեջանական գրոհն աճելու է՚: Ըստ քաղաքագետի, մեր թշնամիները հաղթանակի չեն կարող հասնել, որովհետև սեպտեմբերի երեքից հետո մենք մինչև ատամները զինված ենք: «Մեր ամենամեծ խնդիրը արտագաղթն է: Արտագաղթը մեր առաջին խնդիրն է, որովհետև ազգաբնակչության կենսունակ մասն է գնում: Պետք է իշխանությունների ու ընդդիմության կողմից միջոցառումների սիստեմ մշակվի և ամեն ինչ արվի՝ արտագաղթը կասեցնելու համար: Բացի այդ, տարին պիտի հայտարարվի իրավական: Մաքսային միության ճանապարհին ամեն բան պիտի անենք արդյունաբերության կենդանացման համար»,-ընդգծեց Լ. Շիրինյանը: Սահմանին կատարվող իրադարձությունների մասին անընդհատ հնչող՝ սադրանքների մի ենթարկվեք կոչին անդրադառնալով՝ Լևոն Շիրինյանն ասաց. «Սադրանքների չենթարկվել հրամանը շատ խախուտ հրաման է: Պետք է ուշադիր լինել, և Ստալինի սխալը չգործել, Սովետական բանակը մի գիշերում կորցրեց բազմաթիվ ինքնաթիռներ, որովհետև Ստալինը չէր ուզում սադրանքների տրվել: Անընդհատ զսպվածությունը հակառակորդին լկտիացնում է»,-համոզված է  Լևոն Շիրինյանը: