Բավ է պառակտվել
24-03-2014 16:36

Ստացվո՞մ է, որ Վ. Սեդրակյանին բարձրաստիճան զինվորական է ֆինանսավորել


«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողներին հրավիրել էր հանդիպման խոսելու համար օրեր առաջ համացանցում տարածված ԱԻՄ ղեկավարի դեմ մահափորձի առնչությամբ հարուցված քրեական գործով դատապարտված Վարդան Սեդրակյանի կնոջ և ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալեքսանդր Աբրահամյանի զրույցի ձայնագրության մասին: Ըստ փաստաբանի խոսքի՝ ձայանգրությունից պարզ է դառնում, որ Ալեքսանդր Աբրահամյանը պահանջում է Սեդրակյանների ընտանիքից այն միլիոնավոր դոլարները, որոնք տրամադրել է վերջիններիս:
«Սույն քրեական գործի շրջանակներում դեռևս դատաքննության փուլում Պարույր Հայրիկյանը միջնորդություն էր արել, որպեսզի հարցաքննվեն հայր և որդի Աբրահամյանները: Նրանցից որդի Աբրահամյանը ցուցմունք էր տվել այս քրեական գործով, որ Սեդրակյանին տվել է 100 հազ. ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով, որ աուդիո ձայնագրության մեջ հոլովվում է Վարդան Սեդրակյանի անունը, ուղղակի կարող է կապ ունենալ այս քրեական գործի հետ»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Պարույր Հյրիկյանի պաշտպանը նշեց, որ ձայնագրությունում Ալեքսանդր Աբրահամյանին Վարդան Սեդրակյանի կինը ասում է, որ խուզարկության ժամանակ իրենց տանից գումար չի հայտնաբերվել, ինչին արձագանքում է Ալեքսանդր Աբրահամյանը՝ ասելով, որ ինքը խոսել է խուզարկողների հետ:
«Սա տարօրինակ է, քանի որ ստացվում է, որ Աբրահամյանը տիրապետել է նախաքննության մարմնի գործողություններին, որի իրավունքը չուներ: Դիմում եմ ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ գլխավոր դատախազին՝ պարզել թե ինչ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, որքանո՞վ է առնչվում Հայրիկյանի քրեական գործին, և վերջապես ի՞նչ գումարներ են դրանք և որքանո՞վ կարող են առնչվել փողերի լվացման հետ»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ 2013թ-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մահափորձ էր իրականացվել, որի հետևանքով վերջինս հրազենային վիրավորում էր ստացել: Գործով մեղադրանք է առաջադրվել մեկ այլ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին, որը ներկայումս դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: