Բավ է պառակտվել
15-08-2014 14:21

ԼՂՀ հակամարտության ռազմական կարգավորում գոյություն չունի

ԱՄՆ-ն ողջունում է Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչ Հարրի Ռոբինսոնը:

Ամերիկացի դիվանագետը խստորեն դատապարտել է շփման գծին հուլիսի 31-ից սկսված բռնության դեպքերը, որոնց հետեւանքը մեծ թվով զոհերն էին: Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհերի եւ վիրավորների ընտանիքներին եւ կոչ արել լարվածությունը թուլացնելու եւ հրադադարի պահպանման ռեժիմին վերադառնալու քայլեր ձեռնարկել:

Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն հավատարիմ է կողմերին ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում օգնելուն: Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Հատուցումը, հարձակումը եւ հետագա բռնությունը, ինչպես նաեւ սադրիչ հայտարարությունները միայն կբարդացնեն խաղաղ կարգավորումը: Ուստի մենք կողմերի առաջնորդներին կոչ ենք անում խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձեւավորել»,- ասել է Ռոբինսոնը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունները՝ արված վերջին տարիներին, հասկացնել տվեցին, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա. ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: «Մենք ողջունում ենք Սոչիում նախորդ շաբաթվա հանդիպումը, հակամարտության խաղաղ կարգավորմանը երկու նախագահների հակվածությունը եւ մոտ ապագայում երկխոսությունը շարունակելը: Մենք կողմերին կոչ ենք անում քաղաքական կամք դրսեւորել կառուցվածքային բանակցություններ սկսելու համար, ինչպես որ առաջարկել էր Շվեյցարիայի նախագահությունը եւ կենտրոնանալ այն առավելությունների վրա, որը կտա խաղաղությունը տարածաշրջանին բոլոր մարդկանց»,- ասված է ամերիկյան ներկայացուցչի խոսքում: