Բավ է պառակտվել
07-04-2016 08:57

Ռուսաստանն առաջարկներ ունի Արցախում իրադրության կարգավորման համար

Ռուսաստանը կոչ է անում վստահության միջոցառումներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հարցով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նախարարաը նաեւ նշել է, որ Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանը հետեւելուն: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, որով մենք զբաղվում ենք՝ որպես Հայաստանին եւ Ադրբեջանին մոտ կանգնած երկիր եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մարտահրավերի բախվեց. ռազմական գործողությունների վերսկսման, որոնք ամենալայնածավալն էին վերջին տարիների ընթացքում»,- ասել է նախարարը: «Մենք նախագահի, վարչապետ, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, Գլխավոր շտաբերի մակարդակով անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկեցինք, որպեսզի կողմերին օգնենք հրադադարի մասին համաձայնության հասնել,- նշել է Լավրովը:- Պատրաստ ենք նպաստել, որպեսզի պայմանավորվածությունը չխախտվի: Կարեւոր է մեղմել իրադրությունը եւ ակտիվորեն զբաղվել քաղաքական կարգավորմամբ»:

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ հավելել է. «Մենք առաջարկներ ունենք, փորձում ենք ակտիվորեն աշխատել՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածությունների ձեռք բերման ուղղությամբ: Հույս ունենք այս բոլոր հարցերը քննարկել այսօր եւ վաղը: Լիովին սատարում ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ձեռնարկվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Նրանք ժամանեցին Բաքու, վաղը կլինեն շփման գծում»:

«Ինձ թվում է՝ ԵԱՀԿ-ի օգնությամբ կկարողանանք: Շատ կարեւոր է անհապաղ վստահությանն ուղղված միջոցներ ձեռնարկել ու քաղաքական գործընթացը վերսկսելու համար նախադրյալներ ստեղծել»,- ասել է Լավրովը: