Բավ է պառակտվել
10-05-2017 21:51

Լավրովը պատմել է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սպիտակ տանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ քննարկել է միջազգային ասպարեզում Մոսկվայի և Վաշինգտոնի փոխգործակցության հարցերը:
«Հաստատվեց, որ չնայած բոլոր հայտնի դժվարություններին, մեր երկրները կարող են և պետք է միասին օգնեն լուծելու այն առանցքային հարցերը, որոնք այսօր կան միջազգային օրակարգում»,- մամուլի ասուլիսին, ամփոփելով անցած բանակցությունների արդյունքները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:


Կողմերը քննարկել են Աստանայում սիրիական հարցով բանակցությունների հաջորդ փուլի հեռանկարներն ու լիցքաթափման գոտիների ստեղծմանը հարցերը:
Ինչպես նշել է նախարարը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համակարծիք են, նման գոտիները պետք է ողջ երկրով մեկ բռնությունների դադարեցմանն ուղղված քայլ դառնան, ինչը կօգնի լուծել հումանիտար խնդիրները և հիմքեր ստեղծել քաղաքական կարգավորման համար:
Հանդիպման ընթացքում շոշափվել է նաև Իսրայելա-պաղեստինյան հարցը, Աֆղանստանում տիրող իրավիճակը և Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերին հետևելու հարցը:
Լավրովի խոսքերով, բանակցությունների ընթացքում նա համոզվել է, որ Թրամփի վարչակազմը բաղկացած է « գործի մարդկանցից», ովքեր ցանկանում են պայմանավորվել՝ կոնկրետ հարցերին լուծում տալու համար:
« Եթե կարճ ասեմ, ապա ներկայումս երկխոսությունն ազատ է գաղափարախոսությունից կախվածությունից, ինչը բնորոշ էր Օբամայի վարչակազմին»,-ընդգծել է նա:
« Նախագահ Թրամփը հստակորեն հաստատել է փոխշահավետ, գործնական, պրագմատիկ հարաբերություններ ստեղծելու և առկա խնդիրները լուծելու հարցում իր շահագրգռվածությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նա նաև հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները հուլիսին « Մեծ քսանյակի» շրջանակներում կհանդիպեն Գերմանիայում:
Բանակցությունները Սպիտակ տանը շարունակվել են մեկ ժամից փոքր ինչ ավելի՝ լրատվամիջոցների համար փակ ռեժիմով: Նախարարին ուղեկցել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը:
Լավրովի ԱՄՆ կատարած այցը Թիլերսոնի՝ ապրիլի 12-ին Մոսկվա կատարած այցի պատասխանն էր: Այդ ժամանակ բանակցությունները մի ամբողջ օր էին տևել. սկզբում պետքարտուղարը հանդիպել էր ԱԳՆ ղեկավարի հետ, ինչից հետո նրանց ընդունել էր Պուտինը: