Բավ է պառակտվել
03-04-2017 11:36

Լավրովը ՀՀ և ՌԴ հարաբերությունների մասին. Մենք հպարտանալու շատ բան ունենք

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանին և Ռուսաստանին հաջողվել է տպավորիչ արդյունքների հասնել՝ համագործակցության առանցքային ոլորտներում:
«2017թ. ապրիլի 3-ին նշվում է կարևոր իրադարձություն. Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս ամսաթիվը խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլ, որը հարյուրամյակների պատմություն ունի»,-ասել է Լավրովը « Նոր Ժամանակ» թերթին տված հարցազրույցում:
ԱԳՆ ղեկավարի խոսքերով Հայաստանին և Ռուսաստանին միավորում են ընկերության և փոխադարձ օգնության վաղեմի ավանդույթները, մշակութային և հոգևոր հարազատությունը:
«Հաճույքով արձանագրում եմ, որ բոլոր ժամանակներում մենք ոչ միայն հարգանքով են վերաբերվել միմյանց ազգային ինքնությանը, այլ նաև առատաձեռնորեն կիսվել ենք մեր ձեռքբերումներով: Շատ հայ գործիչների անուններ՝ մեր Հայրենիքի պատմության անբաժանելի մասն են»,- ավելացրել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ հայկական սփյուռքն այսօր շարունակում է գործուն մասնակցություն ունենալ Ռուսաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքին:
« Մենք հպարտանալու շատ բան ունենք: Վերջին քառորդ դարում հաջողվել է կրկնապատկել հայ-ռուսական ընկերության անգին ժառանգությունը, միջպետական համագործակցությունը դուրս բերել նոր մակարդակի, առաջնային ուղղություններով համատեղ ջանքեր գործադրելու գործում տպավորիչ արդյունքների հասնել»,- ընդգծել է ռուս նախարարը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը, ընդգծելով, որ Ռուսաստանին են բաժին ընկնում արտասահմանյան բոլոր ներդրումների կեսը՝ մոտ $3 մլրդ:
« Հանրապետությունում ռուսական կապիտալով գործում են մոտ 2000 ընկերություն: Չնայած համաշխարհային էկոնոմիկայում տուրբուլենտ իրավիճակին, ապրանքաշրջանառությունն աճել է 6%-ով՝ հասնելով $1.34 միլիարդի, այդ թվում՝ ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական մթերքների մատակարարման ծավալների մեծացման հաշվին»,- ասել է Լավրովը:
Նա նաև ընդգծել է, որ 2015 թ. հունվարին Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը նոր հորիզոններ է բացել, և նշել է, որ այժմ երկու երկրներն աշխատում են Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ի կանոններին հարմարեցնելու վրա:
« Հատուկ ուշադրություն ենք դարձնում մշակութային-հումանիտար կապերի, մարդկանց միջև փոխհարաբերությունների խորացմանը: Դրան, անկասկած, կնպաստի 2017 թ. փետրվարին ներմուծված ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների Հայաստան այցելությունների նոր կարգը»,- ընդգծել է Լավրովը:
Նա նշել է, որ երկու երկրները սերտ համագործակցում են առաջատար բազմակողմանի հարթակներում:
«Երևանի հետ համատեղ աջակցում ենք ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի զգալի պոտենցիալների ավելի լայն բացահայտմանը: ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում ամրապնդում ենք արտաքին քաղաքական կոորդինացումը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը՝ Սիրիայի բնակչությանը հասցվող համատեղ հումանիտար օգնության հարցում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: