22-04-2016 11:11

Լավրովը` Հայոց ցեղասպանության մասին. «Մենք պետք է այնպես անենք, որ սա չկրկնվի»

Ռուսաստանի արտգործնախարարը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ և գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը ծաղիկներ դրեց «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի մոտ։

Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով, նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Բանակցությունների հիմնական թեման է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժ կրակի մոտ, որից հետո Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նրան ուղեկցել է Ցեղասպանության թանգարան։

Ծանոթանալով թանգարանի արխիվային փաստաթղթերին` ռուս արտգործնախարարը գրառում է կատարել թանգարանի պատվո հյուրերի հուշամատյանում։

«Շնորհակալություն նրանց, ովքեր վառ են պահում հիշատակը և ամեն ինչ անում, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չմոռացվի։ Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի», — գրել է Լավրովը։

Շրջայցի ավարտին Լավրովը Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում ջրեց 2007թ.-ին տնկած եղևնին: