Բավ է պառակտվել
05-05-2016 08:31

Ղարաբաղը ճանաչելու մասին օրինագծի շուրջ աղմուկ բարձրացնել պետք չէ.Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ոչ թե միակողմանի կարգով, այլ` ընդհանուր պայմանավորվածությունների համատեքստում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հայ պատգամավորների ներկայացրած նախագծի շուրջ աղմուկ ստեղծելու պատճառ չկա, քանի որ Երևանը վստահեցնում է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով։

ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկվել է ՀՀ կառավարության մայիսի 5-ի օրակարգում

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայի շուրջ քննարկումներին, չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում։ Դա խորհրդարանի երկու պատգամավորի առաջարկն է։ Իսկ Հայաստանի կառավարությունը, օրենքի համաձայն, ինչպես նրանք են բոլորին բացատրում` կրքերը հանդարտեցնելով, պետք է այդ օրինագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստի։ Իմ կարծիքով`աղմուկ բարձրացնելու ու խուճապի մատնվելու իմաստ չկա»,- ասել է Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Երբ ես Երևանում էի, երբ հետո հեռախոսով շփվում էի իմ գործընկերոջ հետ, երբ նա Մոսկվայում էր ապրիլյան իրադարձություններից հետո, ինձ հստակ հաստատեցին, որ Երևանը խաղաղ կարգավորման կողմնակից է։ Նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ոչ թե միակողմանի կարգով, այլ` ընդհանուր պայմանավորվածությունների համատեքստում»,- նշել է նախարարը։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։