30-04-2016 08:36

Լավրովն ու Քերին քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Հաղորդագրության համաձայն, առաջարկվել է Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները քննարկել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի պահպանման եւ ամրապնդման միջոցով:

«Քննարկվել են նաեւ միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ռուսական ԱԳՆ-ի, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: