21-11-2017 15:30

Լավրով. Երևանն ԱՊՀ տարածքում ՌԴ հիմնական գործընկերներից է

Երևանն ԱՊՀ տարածքում Ռուսաստանի հիմնական գործընկերներից է, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծել է, որ վերջին քառորդ դարում ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրների հարաբերություններն իրապես դաշնակցային բնույթ են ստացել:
« Մենք հաջող շարժ ենք գրանցել՝ առևտրա-տնտեսական կապերի զարգացման ճանապարհին: Այս տարվա ութ ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ առևտրաշրջանառության ծավալներն աճել են մոտ մեկ երրորդով: Ռուսաստանը կայուն առաջատար է՝ Հայաստանի տնտեսության մեջ կապիտալի ներդրման հարցում»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործում է մոտ երկու հազար համատեղ ձեռնարկություն, աշխատում են ռուսական այնպիսի խոշոր կառույցներ, ինչպիսիք են « Գազպրոմ» ՓԲԸ-ն, « ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն: Նախարարն ընդգծել է, որ հայաստանյան գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կարևոր ներդրումային նախագծերի՝ այդ թվում նաև վառելիքա-էներգետիկ ոլորտի ծրագրերի իրագործման հարցեր՝ ներառյալ Հայկական ՀԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման հարցը:
«Մենք մատնանշել ենք մեր ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման կայուն ընթացքը, գործում է համապատասխան Միջկառավարական կոմիտե, իրականացվում է ՀՀ-ին անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում»,- ասել է Լավրովը:
Նա նաև հիշատակել է հումանիտար -մշակութային , գիտա-տեխնիկական և կրթական կապերը և մեծ նշանակություն է տվել Երևանում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, ինչպես նաև ռուսական բուհերի մասնաճյուղերի, մասնավորապես Մ.Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի գործունեությանը:
Նախարարն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել ՌԴ առաջատար կրթական կենտրոններում՝ ներառյալ ՄԳԻՄՕ-յում և ՌԴ ԱԳՆ-ին կից Դիվանագիտական ակադեմիայում հայ ուսանողներին կրթելու դրական պրակտիկան:
« Մենք դիտարկել ենք ԵՏՄ պայմաններին հարմարվելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի կատարման ընթացքը: Դրական ենք գնահատում ԵԱՀԿ գծով մեր համագործակցությունը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքերով, երկու երկրների դիրքորոշումները համընկնում են միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ –ի օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, քննարկվել են նաև Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններն այնպիսի իրավիճակում, «երբ ցավոք, այդ կառույցների որոշ անդամներ վարևակված են« պաթոլոգիկ ռուսաֆոբիայով»»:
« Հույս ունենք, որ այն ամենն, ինչի մասին մենք այսօր խոսել ենք, ներդրում կլինի մեր դաշնակցային հարաբերությունների գանձատուփի մեջ»,- ասել է Լավրովը:
2017թ. ՀՀ-ն և ՌԴ-ն նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 20-ամյակը: