07-05-2014 14:26

Հայտնի է դարձել ՛՛կուտակայինի՛՛ մասին ոչ իշխանական ուժերի 6 կետանոց պահանջները

Հայտնի են դարձել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ոչ իշխանական քառյակի կողմից ներկայացվող առաջարկները, որոնք նրանք ներկայացրել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ սպասում են պատասխանի:

Քառյակի առաջարկները հետեւյալն են.

1. 2014թ. ապրիլի 2-ից՝ ՍԴ որոշման կայացման պահից, քաղաքացիները չեն համարվում պարտադիր կուտակային մասնակից, եթե իրենք դիմում չեն տալիս դրանում ընդգրկվելու համար,

2. 2014թ. ապրիլի 2-ից գործատուներն իրավունք ունեն վարձատրությունից գումարներ պահել եւ փոխանցել, եթե կա քաղաքացու գրավոր կամահայտնությունը, այսինքն՝ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործատուի պարտավորության առաջացումը պայմանավորված է բացառապես աշխատողի կամահայտնությունից,

3. Գործատուները ենթարկվում են պատասխանատվության, եթե կամավոր մասնակցող անձանց համար չեն կատարել կուտակային վճարի պահում եւ փոխանցում, սակայն միայն օրենքի ընդունումից հետո առաջացած նման իրավահարաբերությունների համար,

4. 2014 թվականի հունվարի 1-ից սկսած գործատուների կողմից հաշվարկված, սակայն կամուրջ հաշվին չփոխանցված գումարները, ինչպես նաեւ կամուրջ հաշվին փոխանցված, սակայն ռեեստրին չփոխանցված գումարները վերադարձվում են քաղաքացիներին,

5. Գործատուներն իրավունք ունեն փոփոխություններ կատարել հունվարի 1-ից ներակայցված (եկամտային հարկի) անձնավորված հաշվետվություններում, որի ապահովման համար կառավարությունը 10 օրյա ժամկետում պետք է ընդունի համապատասխան իրավական ակտ (այդ թվում՝ թռչնակը ինքնաշխատ համակարգից հաշվապահի կողմից նշում կատարելու միջոցով մեխանիզմի գործադրումը ապահովելու համար), իսկ մինչեւ դրա ընդունումը գործատուն ազատ շարադրանքով կարող է հարկային մարմնին ներկայացնել նման ճշգրտումները,

6. Կենսաթոշակային ֆոնդերում մինչեւ օրենքի ընդունումը առկա միջոցների վերադարձի հարցը կլուծվի 2-րդ փուլում, երբ ամբողջական փոփոխության կենթարկվի համակարգը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին իր հայտարարությունում Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ օրենսդրությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու անհրաժեշտությունը՝ փոխընդունելի լուծում գտնելու համար: