Բավ է պառակտվել
17-05-2016 13:42

Վիեննայում ԼՂ հարցով հանդիպումը զգուշավոր լավատեսության հիմքեր է տալիս. Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները զգուշավոր լավատեսության հիմքեր են տալիս։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սարգսյան- Ալիև հանդիպման և այն հարցին, թե ինչ են կարծում Կրեմլում՝ կարելի՞ է խոսել այն մասին, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե, մեր արտգործնախարարը տվել է անհրաժեշտ գնահատականները: Մենք հույս ունենք, որ զգուշավոր լավատեսության հիմքեր կան ՝ այն առումով, որ դա թույլ կտա շարունակել ավելի կայուն փուլը»: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է մայիսի 16-ի երեկոյան։ Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: