Բավ է պառակտվել
04-04-2016 13:55

Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի հետ` ԼՂ-ի իրավիճակի կարգավորման նպատակով

Կրեմլը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ինտենսիվացման շրջանակներում շարունակում է աշխատել թե Բաքվի, և թե Երևանի հետ, երկու կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ աճող լարվածությունից, հայտարարել է  ՌԴ Դաշնության Խորհրդի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:

«Այսօր ինձ զարմացրեց այն, թե ինչպես էր ներկայացվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը: Մեկնաբանը սյուժեն ամփոփեց հետեւյալ խոսքերով. «իսկ մինչ այդ Մոսկվան շարունակում է աշխատել Երեւանի, իսկ Անկարան` Բաքվի հետ»:

Ակնհայտ է այս ծայրաստիճան տագնապալի իրավիճակում ռուսաստանյան մոտեցման բացահայտ աղավաղումը: Մոսկվան բոլոր հնարավոր մակարդակներում շարունակում է աշխատել երկու մայրաքաղաքի հետ` նրանց հավասարապես կոչ անելով ձեռնպահ մնալ փոխադարձ բռնության սրումից: Եվ դա գործելու միակ թույլատրելի տարբերակն է հակամարտող կողմերի նկատմամբ, որոնք լայնածավալ ռազմական դիմակայության անցնելու եզրին են :

Բնութագրական է, որ Մոսկվայի նման են իրենց պահում համաշխարհային քաղաքականության այլ պատասխանատու մայրաքաղաքները, ներառյալ Նյու Յորքը (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը), Վաշինգտոնը, Բրյուսելը, Լոնդոնը, Բեռլինը, Փարիզը եւ ուրիշներ:

Ցավոք, մի բացառություն կա: Եվ դա Անկարան է: Եթե չեմ սխալվում, միակ առաջնորդը, որը վերջերս դիմել է միայն մի մայրաքաղաքին եւ բոլոր առումներով աջակցել համապատասխան կողմին, Թուրքիայի նախագահ Էրդողանն էր: Ցավոք սրտի, Անկարան իրոք միմիայն եւ բացառապես Բաքվի հետ է աշխատում` այս ձգձգված եւ պայթյունավտանգ հակամարտության մեջ եւս (արդեն որերորդ անգամ եւ որերորդ դեպքում) ներմուծելով սեփական ներքաղաքական շահերը, գեոպոլիտիկ նախընտրությունները եւ արտաքին քաղաքական նպատակները:

Նման միակողմանի եւ անպատասխանատու դիրքորոշումը, ըստ էության, յուղ է լցնում կրակին` հակամարտության կողմերից մեկին խթանելով շարունակել այն: Եվ օբյեկտիվորեն, դրանք ամբողջ միջազգային հանրության դեմ ուղղված գործողություններ են, որում Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներն այժմ օբյեկտիվորեն միասին են: Չէ որ բոլորը, բացի, ակներեւաբար, Թուրքիայից, հասկանում են. այս հակամարտության մեջ հաղթող չի լինի, բայց կարող է երկու պարտված լինել եւ բազմաթիվ զոհեր:

Ցավոք, նույն մոդելով, ելներով սեփական, ոչ թե կոլեկտիվ շահերից, Թուրքիան գործել է և շարունակում է գործել Սիրիայի առումով, իսկ այժմ սկսում է Ուկրաինայի նկատմամբ: Եվ դա շատ վտանգավոր է դառնում», - գրել է Կոնստանտին Կոսաչևը: