16-02-2017 16:10

Գերմանիայի ՍԴ-ն մերժել է Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հայցը

Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայցը:
Հաղորդագրության համաձայն, Գերմանիայի Սահմանադրական դատարան նման հայց ներկայացրել էր թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը:
Աքբաշը հայտնել է, որ Գերմանիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է ընդունել իր հայցը՝ պատճառաբանելով, որ բավականաչափ հիմքեր չկան կարծելու, որ Բունդեսթագի որոշումը ոտնահարում է հայցվորի հիմնարար կամ հարակից իրավունքները:
Տվյալների համաձայն հայցվորը պատրաստվում է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Թուրք փաստաբանի տվյալներով Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի դեմ Գերմանիայի ՍԴ արդեն 8 տարբեր հայցեր են ներկայացվել:
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը 1915 թ. հայերի դեմ կատարված ոճրագործությունները ցեղասպանություն որակող բանաձև ընդունեց:
Պատգամավորների մեծամասնությունը կողմ էին քվեարկել «1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի» բանաձևին: