Բավ է պառակտվել
19-03-2015 14:34

ՀՀ Սահմանադրությունը չի խոչընդոտի ՀՀԿ-ին վերընտրվելու հարցում

Հայաստանի գործող Սահմանադրությունը չի կարող խոչընդոտել ՀՀԿ-ին վերընտրվելու հարցում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է իշխող ՀՀԿ կուսակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք սահմանադրական բարեփոխումները իրականացմվում են գործող իշխանությունների վերարտադրման նպատակով: Պատգամավորի խոսքով՝ ցանկացած քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է, և եթե քաղաքական կուսակցությունը նման նպատակ չի հետապնդում, ապա այն չի կարող համարվել լուրջ քաղաքական ուժ՝ անկախ նրանից, թե այն ընդդիմադիր է, թե իշխանամետ: Նա նաև հիշեցրեց, որ ժամանակին ՀՀԿ, լինելով, ընդդիմադիր ուժ, իշխանության գլուխ է եկել պայքարի ճանապարհով: Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ Մելիքյանը նշեց, որ գործող Սահմանադրությունը չի խոչընդոտի ՀՀԿ-ի վերընտրվելու հարցում և խնդրեց լրագրողներին հանել իրենց բառապաշարից «վերարտադրություն» բառը: Նա հավելեց, որ միայն ժողովուրդն է որոշում, ով պետք է ընտրվի, և ով չպետք է ընտրվի: