Բավ է պառակտվել
23-06-2014 19:44

Կոնկրետությունը Բաքվի սրտով չէ. Նալբանդյան

Կոնկրետությունը Բաքվի սրտով չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, Երեւանում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, խոսելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին, խոսել է ինչ-որ «կոնկրետության» մասին:

«Այդ կոնկրետությունն այնքան էլ Բաքվի սրտով չէ: վերջին ժամանակներս Բաքվի սրտով չեն համանախագահների կողմից հնչող առաջարկությունները, այդ թվում այնպիսի հարցերում, որոնցից են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահանրներին շփման գծից հեռացնելը, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը»,-ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ համանախագահաների առաջարկները, որոնք արտացոլված են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների 5 հայտարարություններում, նույնպես հավանության չեն արժանանում Բաքվում:

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտպանում է ցանկացած ջանք, որոնք կմոտեցնեն խնդրի կարգավորումը: «Մենք ելնում ենք նրանից, որ ֆրանսիացի գործընկերները առաջ են քաշում հենց այն գաղափարները, որոնք թույլ կտան նախկինում առաջարկված սկզբունքները բերել պրակտիկ լեզվի: Ռուսաստանը համարում է, որքան պարբերական լինեն նախապատրաստավծ հանդիպումները, այնքան բանակցային գործընթացն ավելի դինամիկ կդառնա»: