10-03-2015 09:36

ԱՄՆ-ի կոնգրեսականները դատապարտել են Սումգայիթի ու Բաքվի ջարդերը

ԱՄՆ-ի Սենատի անդամ Հարի Պետերսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Քլարկը, Ջիմ Կոստան, Ռոբերտ Դոլդը, Ֆրենք Փալոնը, Ջուդի Չուն, Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը ելույթ են ունեցել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, նրանք ոգեկոչել են ադրբեջանական Սումգայիթ, Բաքու ու Կիրովաբադ քաղաքներում 1988-1990թթ. հայերի դաժան ջարդերի հետևանքով անմեղ զոհերի հիշատակը: Սենատոր Պետերսը նշել է, որ «Սումգայիթում տեղի ունեցած սպանդը հովանավորվել է Ադրբեջանի կառավարության կողմից»: Պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է, որ «ժողովրդավարության սկզբունքների իրական հետևորդները պետք է հարգեն փոքրամասնությունների իրավունքները, ազատ խոսքի իրավունք տրամադրեն, ինչպես նաև պաշտպանեն նրանց, մինչդեռ Արդբեջանի իշխանություններն արել են ճիշտ հակառակը»: 
Ամերիկացի պաշտոնյաները միահամուռ կերպով հայտարարել են, որ կանգնած են հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի կողքին` հավելելով, որ ջանք չեն խնայի այդ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:
Նրանք նաև կոչ են արել իրենց մյուս գործընկերներին ևս ճանաչել 27 տարի առաջ Ադրբեջանի տարածքում իրականացված հայկական ջարդերը:
Բացի այդ, կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ-ի նախագահին դադարեցնել Ադրբեջանին օգնության տրամադրումը, քանի որ այդ երկիրը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: