27-02-2015 11:12

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայկական ջարդերը

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն ներկայացուցիչների պալատում իր ելույթի ընթացքում խոսել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերի մասին` միաժամանակ նաև դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորվող շարունակական ագրեսիան:«27 տարի առաջ, երբ Խորհրդային միության սահմանները տարալուծվում էին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվեց` հանդես գալով սեփական ապագայի և Ադրբեջանից ավելի մեծ անկախություն ձեռք բերելու կոչերով: Ինքնորոշման և անկախության ուղղությամբ իրականացվող այս խաղաղ շարժմանն հաջորդեցին կանխամտածված և կառավարության կողմից հովանավորված հարձակումները: Հաջորդ երկու տարիներին Արցախի հայ ժողովուրդը դաժան և ռասիստական ջարդերի թիրախ դարձավ, որը նրանց կրկին հիշեցրեց Հայոց ցեղասպանության տխուր օրերը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավորները տեղահան արվեցին, արդյունքում հայերը մինչ այսօր էլ զգում են Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի դաժան դեպքերի սարսափը»,- նշել է կոնգրեսականը: Վերջինս, անդրադառնալով 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեին և 1994թ-ին կնքված զինադադարին, նշել է, որ առ այսօր ԼՂ ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից զինադադարի մշտական խախտման պայմաններում: «Մենք ցանկանում ենք ԼՂ հակամարտության հարցում խաղաղ կարգավորում և հույս ունեք, որ այս ժողովուրդը ազատ կլինի իր սեփական ապագան որոշելու հարցում»,-եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը: