08-04-2016 10:28

Կոնգրեսականները կոչ են արել Օբամային զրոյացնել ռազմական օգնٳթյٳնն Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով համապատասխան քայլեր ձեռնարկել 1994 թ. հրադադարի մասին պայմանագրից հետո Ադրբեջանի լայնածավալ հարձակման կապակցությամբ:
«Կոչ ենք անում Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը, տրամադրել Լեռնային Ղարաբաղին արտակարգ իրավիճակներում նախատեսված օգնություն, Պետդեպի փաստահավաք առաքելություն գործուղել` գնահատելու համար ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածությունների վերականգնման աշխատանքերը»,-ասվում է նամակում:
Կոնգրեսականները նշել են, որ Ադրբեջանի հարձակումները վկայում են Ալիևի ագրեսիվ քաղաքականության մասին: Նրանք ԱՄՆ իշխանությունների ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ վերջին հարձակման մասին որոշումը Ալիևը կայացրել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից մի քանի ժամ անց: Մինչդեռ ԱՄՆ պաշտոնյաները «բացահայտ կոչ էին արել շարունակել խաղաղ գործընթացը, գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ոչ ուժային միջոցներ»:
«Մենք կոչ ենք անում Ձեզ հրաժարվել ԱՄՆ գործող քաղաքական գծից, որը հավասարության կեղծ նշան է դնում: Հետագա հարձակումներն ու ապակայունացումը կանխելու նպատակով կոչ ենք անում դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և, հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին, առաջին օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես նաև երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել»,-ասվում է նամակում, հայտնում է Armenia Today-ը:
Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել հայկական դիրքերն ու բնակավայրերը, այդ թվում ծանր զինատեսակներից:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավորվ: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: