Բավ է պառակտվել
03-10-2015 10:42

Իհարկե սա խնդրի արմատական լուծում չէ. Ա. Արշակյան

Օրերս պաշտոնապես հաստատվեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) վաճառվել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, ով կառավարության հետ հանձն է առել էլեկտրաէներգիայի բարձրացած սակագնի 7 դրամի սուբսիդիան ազգաբնակչության համար՝ մինչև 2016թ. Օգոստոսի 1-ը: Չնայած դրան «Ոչ՛ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարում են, որ չեն պատրաստվում հետ կանգնել պայքարից, քանի որ իրենք ի սկզբանե պահանջել են սակագնի բարձրացման որոշման չեղարկում և այժմ, ընդամենը ժամանակավոր դադար կառնեն՝ որոշելու համար իրենց հետագա քայլերը:
gisher.news-ի թղթակիցը այսօր այս մասին զրուցեց քաղաքական գործիչ, նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ: Ի պատասխան մեր հարցի՝ արդյո՞ք խնդիրը ավելի արմատական լուծում չէր պահանջում, Ա. Արշակյանն ասաց.
«Սամվել Կարապետյանը հայտնի է որպես բարերար, և այս գործարքի մեջ նա շարունակում է մնալ բարերար»:
Քաղաքական գործիչը նշեց, որ ՀԷՑ-ի վաճառքի գործարքում երկու դրական կետ կա, առաջինն այն է, որ Սամվել Կարապետյանը հանձն առավ օգնել ՀՀ քաղաքացիներին, երկրորդը, որ ՀԷՑ-ը մասամբ ազգայնացվեց:
«Բիբինները հեռացան, «բիբինիզմը» հեռացավ՝ դա արդեն լավ է: Սակայն ես կարծում եմ, որ հարցը արմատական լուծում այնուամենայնիվ չի ստանում: Արմատական լուծումը կլիներ այն, որ Հայաստանի էլեկտրացանցերը ազատվեին ճորտությունից, գնեին էլեկտրաէներգիա նրանից, ով ավելի էժան է տալիս: Հիմա մեզ պարտադրում են թանկարժեք էլեկտրաէներգիա: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը գեներացնում է այն և պարտադրում է ՀԷՑ-ին գնել թանկարժեք էլեկտրաէներգիան ու վաճառել հայ ժողովրդին: Հենց ա՛յդ հարցը պետք է լուծվի: Իհարկե Սամվել Կարապետյանը լինելով բարերար կարող է օգնել, նույնիսկ Բիբինը կարող էր իր գրպանից գումար տալ, բայց խնդիրը չի լուծվի, քանի դեռ չի իրականացվել ՀԷՑ-ի, ինչպես նաև Հայաստանի տնտեսության ազատագրումը: Հայաստանի տնտեսությունը և էներգետիկ ոլորտը ազատագրման կարիք ունեն: Գործելու ազատություն և մրցակցային դաշտ է պետք»,- եզրափակեց Ազատ Արշակյանը:
Քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ սակագնի ավելացված 7 դրամը քաղաքացիների համար սուբսիդավորելու Սամվել Կարապետյանի որոշումը շատ դրական քայլ է.« Ձմեռ է մոտենում և այն, որ մեր ժողովուրդը ստիպված չի լինի ավել գումար վճարել էլեկտրաէներգիայի համար՝ արդեն լավ է»,-ասաց նա:

Մարինե Բարսեղյան