Բավ է պառակտվել
16-12-2014 12:19

ՌԴ Դաշնության խորհրդի կոմիտեն միաձայն սատարել է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեն միաձայն կողմ է քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացմանը՝ խորհուրդ տալով Վերին պալատին ևս հավանության արժանացնել պայմանագիրը:
Ինչպես գրում է «Իզվեստիան», սենատորներին քննարկումների ժամանակ հետաքրքրում էր այն հարցը, թե արդյոք Հայաստանը կհրաժարվի Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրից, որին անդամակցում է:
«Եթե նրանց մասնակցությունը չի խանգարի, դա ինչ-րո տեղ հնարավոր է: Այլ տարբերակներ չկան»,-հայտարարել է տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության և ինտեգրման դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան:
Սենատոր Իգոր Մորոզովը նշել է, որ ԱՊՀ մի շարք երկրներ, որոնք մասնակցել են այդ ծրագրին, հակառուսական են դարձել: «Մենք գիտենք թե ինչով ավարտվեց այդ նախագիծն Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի համար: Մնում է ևս երեք պետություն՝ Բելառուսը, Ադրբեջանն ու Հայաստանը»,-հայտարարել է նա:
2014-ի մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել էին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Հոկտեմբերի 10-ին պայմանագրին միացավ Հայաստանը: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը:
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: