03-08-2016 22:14

Իսրայելի Կնեսետի կրթության կոմիտեն ճանաչել է հայոց ցեղասպանությունը

Իսրայելի Կնեսետի կրթության, մշակույթի և սպորտի կոմիտեն ճանաչել է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդվում է իսրայելական կառավարության կայքում, երկուշաբթի այդ մասին հայտնել է այդ կոմիտեի ղեկավար Յակով Մարգին:

«Մեր բարոյական պարտականությունն է ճանաչել հայ ժողովրդի հոլոքոստը», - ասել է Մարգին հանձնաժողովի նիստի ժամանակ: Նա ափսոսանք է հայտնել, որ Կնեսետը մինչ այժմ չէր լուծել այս հարցը և կոչ է արել խոսնակ Յոհել Էդելշթեյնին իրականացնել իր նախորդ տարվա խոստումը և հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Նիստին ելույթ է ունեցել նաև պատգամավոր Զահավա Գալոնը, որն էլ հենց նախաձեռնել էր ցեղասպանության հարցի քննարկումը: «Ամեն տարի մենք կեղծ հույս ենք ներշնչում այստեղ նստածներին: Դա վարկաբեկում է Կնեսետը, որ այն տարեցտարի քննարկում է այս հարցը, սակայն որոշում չի կայացնում Իսրայել պետության և իսրայելական օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին», - ասել է նա:

Երուսաղեմում Հայկական ազգային կոմիտեի նախագահ Ժորժետա Ավագյանի խոսքով, Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց եկել է ժամանակը, որ Կնեսետն էլ միանա աշխարհի 31 երկրների խորհրդարաններին, որոնք ճանաչել են այս չարագործությունը: «Կնեսետը և պետության նախագահը պետք է ճանաչեն մեր ժողովրդի ցեղասպանությունը», - ասել է նա:

Հուլիսի սկզբին Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի նախագիծը մեկ ժամ քննարկելուց հետո աջակցել է կառավարության առաջարկին վերադարձնել փաստաթուղթը կրթության, մշակույթի և սպորտի կոմիտե` հետագա քննարկման համար:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։