02-09-2016 18:53

ԼՂՀ ճանաչումը կարող է արդյունավետ դարձնել ամբողջ բանակցային գործընթացը. Շ. Քոչարյան

Արցախի ժողովուրդը 25 տարիների ընթացքում հստակ ապացուցեց, որ ինքը տեր է իր կայացրած որոշմանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործանախարար Շավարշ Քոչարյանը:

«Այսինքն՝ որպես պետություն Արցախը կայացել է պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտներով, իսկ ապրիլյան վերջին պատերազմն ապացուցեց, որ Արցախի ժողվովուրդը պատրաստ է այսօր էլ ցանկացած արկածախնդրություն հետ մղելու», - նշեց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, 20 տարուց ավել տևած բանակցային գործընթացում Ադրբեջանի դեստրկուտիվ քաղաքականությունն արդեն առաջին պլան է մղում այն, որ ԼՂ ճանաչումը կարող է արյդունավետ դարձնել ամբողջ բանակցային գործընթացը:

Արդյոք դիվանագիտական ձախողում է, որ 25 տարիների ընթացքում որևէ պետություն չի ճանաչել ԼՂ անկախությունը, Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ այդպիսի խնդիր չի դրվել: «Խնդիրը դրված էր բանակցային գործընթացի վրա, խնդիրը դրված էր, որ պետք միջազգային ճանաչում լինի և այդ միջազգային ճանաչումը պայմանավորվում էր բանակցային գործընթացով», - նշեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, թե բանակցություններն ընթանում են ճիշտ ուղով, Շավարշ Քոչարյանն ասաց, թե ադրբեջանական կողմի ասածները որևէ մեկնաբանության կարիք չունեն: «Իրենք ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է, մի բան է խոսվում բանակցային սեղանի շուրջ, այլ բան՝ այլ տեղ, դրա համար մեկնաբանելու կարիք չկա: Ոչ թե պետք է մեկնաբանել, այլ սեփական գիծն առաջ տանել», - ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ Պետերբուրգյան հանդիպումը շարունակությունն էր Վիեննայի հանդիպմանը, որոնց նպատակն այն է եղել, որ, քանի դեռ շփման գծում կան սադրանքներ, կրակոցներ, բանակցային գործընթացը չի կարող առաջ ընթանալ: «Այդ ուղղությամբ չենք տեսնում արդյունք, իսկ արդյունք կլինի այն, որ, իրոք, համապատասխան մեխանիզմներ ներդրվեն, ընդլայնվի մոնիթորինգային խմբի կարողությունները և վերջ դրվի սադրանքներին», - շեշտեց ԱԳ փոխնախարարը: