24-11-2015 10:54

Սարսանգի ջրամբարի զեկույցի նախագիծը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին.Շ. Քոչարյան.

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է այն հարցին՝ ինչպես կմեկնաբանի ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Բոլորովին վերջերս մենք ականատես եղանք բրիտանացի պատգամավոր Ուոլթերի` ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ներկայացրած զեկույցի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին: Դրանում, մասնավորապես ասվում էր, որ հաշվի առնելով բանակցությունների զգայունությունը` զուգահեռ մեխանիզմներ ստեղծելուն ուղղված փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը և խոչընդոտել առաջընթացը: Անշուշտ, այս միանշանակ զգուշացումից հետո ԵԽԽՎ այժմ արդեն Սոցիալական հարցերի հանձնաժողովում ևս մեկ զեկույցի նախագծի ներկայացումը, որով աղավաղվում են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը, բացահայտորեն միտված է եռանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ուղղությամբ իրականացվող ջանքերի խափանմանը:

Զեկույցի նախագիծը միայն ջուր է լցնում Ադրբեջանի քարոզչամեքենայի ջրաղացին և տեղավորվում է Բաքվի կողմից բանակցային գործընթացի ձախողման, Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակը սրելու ադրբեջանական անդադար փորձերի, հիմնահարցի քննարկումը այլ ձևաչափեր տեղափոխելու ձգտման, եռանախագահներին անընդհատ քննադատելու քաղաքականության տրամաբանության մեջ: Մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ կամա, թե ակամա Ադրբեջանի քարոզչամեքենայի գործիք են դառնում նաև ԵԽԽՎ որոշ պատգամավորներ, ովքեր, քվեարկությամբ սպիտակը սև որակելով, սևացնում են առաջին հերթին հենց իրենց և փորձում ստվեր գցել ԵԽԽՎ հեղինակության վրա:

Հատկանշական է, որ զեկուցողը արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան` զլանալով այցելել Լեռնային Ղարաբաղ, որտեղ նա կարող էր ծանոթանալ իր զեկույցի հիմնական առարկայի` Սարսանգի ջրամբարի իրավիճակին։ Հստակ է, որ զեկուցողը հետապնդել է այլ նպատակներ: Այլապես նա չէր անտեսի այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ս.թ. նոյեմբերի 18-ին դրական էին պատասխանել դրանից ընդամենը երկու օր առաջ ստացված` այնտեղ այց իրականացնելու գրավոր առաջարկությանը: Այլապես անպատասխան չէր թողնի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի կողմից Հայաստանում նրան ընդունելու պատրաստակամության մասին օգոստոսի և նոյեմբերի նամակները: Արդյունքում ներկայացվել է զեկույց մի ջրամբարի մասին, որը զեկուցողը չի ցանկացել նույնիսկ տեսնել, փոխարենը նա զեկույցը լցրել է շինծու փաստարկներով:

Իսկ այն հապճեպությունը, որով զեկուցողը իր մանդատի ավարտից առաջ ներկայացրել է զեկույցը, մատնում է, որ նրան հանգիստ չի տալիս նախանձը այն «փառք ու պատվի» հանդեպ, որին արժանացել է Ուոլթերը Բաքվում»: