05-09-2016 11:04

Ռոբերտ Քոչարյան. Քի Ուեսթի փաստաթուղթը նախատեսում էր ԼՂ միացումը Հայաստանին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատմել է իր մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մանրամասների մասին:

«Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում», - նշել է Քոչարյանը:

Ըստ նրա, այնուհետ հայտնվեցին «մադրիդյան սկզբունքները», որոնք միայն մասամբ էին ընդունելի մեզ համար, քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը:

«Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար: Այդ սկզբունքների հիման վրա միջնորդները փորձեցին կարգավորման համաձայնագիր ստեղծել, սակայն, այդ համաձայնագիրը երբեք ստորագրմանը մոտ չի եղել», - ընդգծել է ՀՀ նախկին նախագահը:

 Նա հավելել է, որ միևնույն ժամանակ, այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից թե բարեփոխումներով, թե արտաքին քաղաքական ակտիվությամբ և բանակցում էինք, վստահ լինելով, որ ի զորու ենք չեզոքացնել հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ:

«Բայց այս ամենը 10 տարի առաջ էր: Ադրբեջանի գործողությունները, նրա ագրեսիվության աստիճանը, անվստահության մակարդակը բոլորովին այլ էին: Չկար հայ սպային Բուդապեշտում գլխատած հանցագործի պետական հերոսացումը, չկար ապրիլյան պատերազմը, իսկ հրադադարը խարսխված էր ուժերի հավասարակշռության վրա, ինչի մի մասն էին հանդիսանում վերահսկվող տարածքները: Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով», - նշել է Քոչարյանը:

Դրա հետ մեկտեղ նա  նշել է, որ ծանոթ չէ միջնորդների՝ կարգավորման առաջարկի վերջին տարբերակի հետ, այդ պատճառով բուն փաստաթղթի քննարկումը կոռեկտ չի համարում: 

«Սակայն, դատելով հակամարտող կողմերի պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես նաև մերձիշխանական ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից, կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամությունը խիստ անհամաչափ է: Հայկական կողմի մոտ այդ պատրաստակամությունը չափից դուրս շեշտադրված է, միևնույն ժամանակ, Ադրբեջանում մեզ համար սկզբունքային հարցերի վերաբերյալ զիջումների գնալու նույնիսկ ակնարկներ չկան: Այս իրավիճակը վրդովեցնում է հասարակությանը Հայաստանում և Արցախում, բացասական սպասումներ առաջացնում բանակցություններից և կարող է պարտվողական տրամադրությունների պատճառ դառնալ», - հավելել է Քոչարյանը: