14-04-2015 12:34

Քիմը և Ֆրանցիսկոսը Թուրքիային ցեղասպանության հարցում գցեցին «փիառ աղետի» մեջ

Բրիտանացի մեկնաբան, կենսագիր և հեղինակ դ-ր Սայմոն Հեֆֆերը (Simon Heffer) գրում է. «Որոշ երկրներ այնքան են տխրում Հոլոքոստը հերքողների պատճառով, որ այդ գործողությունը քրեականացնում են: Կոչեր են եղել նույնը անել նաեւ Բրիտանիայում, բայց բարեբախտաբար մենք այդ ծանրաքաշ մոտեցումից խուսափել ենք, փոխարենը ապուշներին խոսքի ազատություն տալով:   Մենք գերադասում ենք նացիստների կողմից իրագործված ցեղասպանությունը հերքողներին համարել ապուշներ, կամ ավելի ուժեղ բառեր ընտրել նրանց համար, եւ բրիտանացիներին հատուկ ոճով գտնում ենք, որ չարախոսությունը, արհամարհանքը եւ ծաղրը, որով այդ մարդիկ պարուրում են իրենց այդ վիրավորական տեսակետները հայտնելու համար բավարար պատիժ է արդեն իրենց իսկ համար, եւ պետք չէ հետապնդել նմաններին: Հայերը գտնում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, եւ երբ մի ամբողջ ազգ հերքում է տեղի ունեցածը, այդ հերքումը ստանում է առավել մեծ եւ հսկա մասշտաբ: Պատկերացրեք, թե ինչպես հրեաները կզգային իրենց, եթե ներկայիս Գերմանիան որպես պետություն, այլ ոչ թե, ասենք, հոգեկան խանգարումներ ունեցող հակասեմականների առանձին մի խումբ, պնդեր, թե Գերմանիան ցեղասպանություն չի իրագործել հրեաների նկատմամբ, այդպիսով կարող եք հասկանալ, թե ինչ են հայերը եւ նրանց համակիրները զգում այսօր Թուրքիայի նկատմամբ: Պատմական կոնսենսուսը կայանում է նրանում, որ շուրջ 1.5մլն հայեր են կոտորվել: Շատ երկրներ ճանաչում են սա, որպես ցեղասպանություն: Թուրքիան դեռ շարունակում է լոբբիստական քրտնաջան աշխատանքը՝ փորձելով համոզել տարբեր ազգերի, որպեսզի չճանաչեն Հայաստանում 1915-16թթ տեղի ունեցածը իբրեւ ցեղասպանություն, բայց շատ դեպքերում անհաջողության է մատնվում:    Վատիկանը [ի թիվս այլ պետությունների] նույնպես ցանկանում է լավ հարաբերությունների ունենալ թուրքերի հետ, բայց, դատելով Ֆրանցիսկոսի խոսքերից, ոչ Թուրքիայի պատասխանատվությունը անուշադրության մատնելու գնով: Հայաստանը պատրաստվում է ապրիլի 24-ին ցեղասպանության հիշատակի արարողություններին: Նախորդ շաբաթ Երեւան այցելեց Քիմ Քարդաշյանը եւ ծաղիկներ խոնարհեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, եւ այդ ամբողջ այցը իրենց ռեալիթի-շոուի համար նկարվեց եւ կցուցադրվի ամերիկյան հեռուստատեսությամբ: Քարդաշյանների եւ Պապի համատեղությունը ավելացնում է «փիառ աղետը» Թուրքիայի համար մի ժամանակ, երբ Անկարան փորձում է իրեն ներկայացնել, որպես քաղաքակիրթ ազգերի ընտանիքի պատասխանատու առաջադեմ անդամ»: