19-03-2016 10:19

Ջոն Քերին մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա

ԱՄՆ Պետդեպը պաշտոնապես հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցի ժամկետները. նա Ռուսաստանում կլինի մարտի 22-25-ը՝ քննարկելու Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակները։ 

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ռուսական ղեկավարության հետ»,- հայտնել է Պետդեպի մամլո ծառայությունը։ Քերին մտադիր է հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Կողմերը կքննարկեն ԴԱԻՇ-ի հետ պայքարին զուգահեռ Սիրիայի աջակցության միջազգային խմբի շարունակվող ջանքերը՝ ուղղված կրակի դադարեցման ռեժիմի աջակցմանը, մարդասիրական օգնության մատակարարումներին ու դրանց ընդլայնմանը, Սիրիայում քաղաքական անցմանն աջակցությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Պետքարտուղարը մտադիր է նաև ռուսական կողմի հետ քննարկել Ուկրաինային առնչվող հարցեր և Մինսկի համաձայնագրերի իրագործման անհրաժեշտությունը՝ նշում են Պետդեպում։