Բավ է պառակտվել
15-10-2016 12:23

Ժամանակն է, որ ՀՀ-ն ստանձնի Ասիան Եվրոպայի հետ կամրջելու պատմական դերը. Ք. Քոքս

Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Ասիայի և Եվրոպայի միջև: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Բրիտանիայի Լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Վերջինս նշեց, որ այդ ճանապարհին եվրասիական տարածքը պետք է դառնա այսպես կոչված «խելացի տարածաշրջան»:

«Հայաստանի առաջ կանգնած է խնդիր՝ եվրասիական տարածքը խելացի կենտրոն դարձնելու և այդպիսով առանցքային դեր ունենալու Եվրասիական տնտեսական միությունում: Պատմությամբ ամրագրված է, որ Հայաստանը Ասիան ու Եվրոպան միմյանց կապող օղակ է և ես չեմ տեսնում որևէ խանգարող հանգամանք, խոչընդոտ, որ Հայաստանը չկարողանա վերադարձնել իրեն այս պատմական կարգավիճաակը»,– ասաց նա:

Ըստ բարոնուհուն, սակայն, այս ճանապարհին Հայաստանը պետք է փոխի իրեն, դառնա «խելացի կենտրոնի՝ Եվրասիաի, լիդեր, կենտրոն, բաց դուռ՝ դեպի ԵՏՄ, որի շուրջ կպտտվեն ֆինանսական ու բիզնես միջավայրերը»: «Այսպիսով, ՀՀ-ն կդառնա արաբական պետությունների, ԱՄՆ, ՌԴ միջև կամուրջ»,- նշեց Քերոլայն Քոքսը:

Բարոնուհին նշեց, որ ինքը վստահ է՝ Հայաստանը կկարողանա դառնալ այդպիսին, որովհետև ունի խիզախ ոգի: «Ես 85 անգամ եղել եմ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում՝ սկսած 90-ականների մութ օրերից, երբ Հայաստանը հարևանների ու բնության հարվածների տակ էր ընկել: Երկրաշարժը, որը խլեց մարդկանց զոհերը, պատերազմը, երբ ադրբեջանցիներն ուզում էին հանել հայերին իրենց սեփական հողից: Ես այդ ժամանակ Ղարաբաղում էի: Ես ամեն օր հաշվում էի հարվածները, գնդակահարությունների ձայները, որոնք տեղում էին Ստեփանակերտի ուղղությամբ: Ամեն ինչ այնպես էր, ինչպես հիմա Հալեպում: Բայց հիմա, ես տեսնում եմ ծաղկուն Հայաստան, հիանում եմ հայերի ոգով, որոնք ոչնչից կարողանում են գեղեցկություն ստեղծել: Եվ հենց այս ամուր ոգու առկայությունն է, որ ստիպում է ինձ վստահ լինել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ խելացի կենտրոնի առաջնորդը»,- մանրամասնեց նա։

Քերոլայն Քոքսն ասաց, որ Հայաստանում կան օբյեկտիվ պատճառներ՝ փակ սահմանները, հակամարտություն, բայց դա հաղթահարելի է: «Ժամանակն է, որ Հայաստանն իր վրա վերցնի պատմական դերակատարությունը՝ կամրջելու Ասիան, Եվրոպայի հետ: Այս պահը հասունացել է»,- շեշտեց բարոնուհին: