Բավ է պառակտվել
30-05-2016 11:08

«Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի մանդատը չի փոխվի».Կասպրշիկ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածության կետերից մեկը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնումն է, որը, սակայն, չի ազդի նրա մանդատի վրա

Մեկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կարծում է, որ ներկայացուցչի աշխատակազմի ընդլայնումը՝ համաձայնեցված Վիեննայում Լեռնային Ղարաբաղի թեմայով հանդիպման ժամանակ, չի ազդի բուն մանդատի վրա, փոխարենը կավելանա դաշտային օգնականների թիվը, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:

«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին՝ Ղարաբաղում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ավարտելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու և համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար»,- ասել է Կասպրշիկը:

Նրա խոսքով՝ այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահը հանձնարարել է նրան անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգ նախապատրաստել:

«Ընդլայնումը չի ազդի իմ ներկա մանդատի վրա, սակայն կավելանա դաշտային օգնականների թիվը: Դրանով հանդերձ գրասենյակը կկարողանա ավելացնել դիտարկումների քանակը և կանոնավոր կապեր հաստատել իշխանության պաշտոնական ներկայացուցիչների հետ: Դա թույլ կտա ԵԱՀԿ նախագահությանը և համանախագահներին բազմակողմանի տեղեկատվություն տրամադրել իրավիճակի մասին: Միևնույն ժամանակ, դա թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել աջակցության մասին հարցումներին՝ կապված իմ մանդատի շրջանակում թեժացման ռիսկը նվազեցնելու հետ»,- ընդգծել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։