09-07-2018 21:29

Կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա-Վարչապետ

«Հայաստանում անձեռնմխելի մարդ չկա», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է վերջին օրերին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրների հետ կապված աղմկոտ պատմություններից հետո իրավապահները հասնեն նաև հենց Սերժ Սարգսյանի տուն։

«Եթե ցանկացած հետաքննություն կհասնի Սերժ Սարգսյանին, կհասնի: Եթե պետք լինի, տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի: Բայց ոչ թե դա ես եմ որոշում, այլ փաստերն են որոշում, ընթացակարգերն են որոշում, օպերատիվ տեղեկություններն են որոշում և օրենքով սահմանված անհրաժեշտությունն է որոշում: Այսինքն, ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանի Հանրապետությունում, անձեռնմխելի՝ բառիս լայն իմաստով, չկա: Իսկ նրանք, ովքեր անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնմխելիությունը հաղթահարելու եղանակները նույնպես օրենքով մշակված են: Եվ մենք այդպիսի մի դեպք արդեն Ազգային ժողովում տեսել ենք», - հավելեց վարչապետը:

Սերժ Սարգսյանի հարազատներից և մտերիմներից իրավապահների ուշադրության կենտրոնում են երրորդ նախագահի երկու հարազատ եղբայրների ընտանիքները, ինչպես նաև Սարգսյանի թիկնազորի նախկին պետը:

Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը ու իր որդիները ևս իրավապահների ուշադրության կենտրոնում են։ Ալեքսանդր Սարգսյանի ավագ որդին՝ Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ, իսկ կրտսեր որդին՝ Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ է․ նա հունիսի 22-ին մեկնել է Հայաստանից:

Ազգային անվտանգության ծառայությունը Նարեկ Սարգսյանի պատկանող տարածքներում և նրա հոր բնակարանում խուզարկությամբ հայտնաբերել է գումար, թմրանյութ և Մարտիրոս Սարյանի նկարներ, որոնք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ստացել է Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով:

Այսօր Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչպես են իրավապահները տեղեկացել այդ պատմությանը․ - «Մարդկանց թվում է, թե, ասենք, Կառավարությունում ասում ենք՝ էսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին, և գնում են բերման ենթարկելու: Եղել է քաղաքացի, ով դիմում է գրել ինձ, որ՝ ես էսպիսի պրոբլեմի առաջ եմ կանգնել, իմ ձեռքից էդ նկարները խլել են: Ես մակագրել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, Ազգային անվտանգության ծառայությունը հրավիրել է քաղաքացուն, նա բացատրություն է տվել, հաստատել է, հաղորդում է տվել հանցագործության մասին, և գործին ընթացք է տրվել»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին երկու անգամ բերման ենթարկելուն և երկու անգամ էլ ազատ արձակելուն, ապա Փաշինյանի խոսքով, այդ գործողությունները վկայում են, որ իրավապահ համակարգը օրինավոր է գործում․ - «Մի խնդիր եմ դնում՝ բոլոր գործողությունները պետք է լինեն հարյուրտոկոսանոց օրինական: Եվ բոլոր գործողությունները՝ հենց էդ տրամաբանությամբ: Մենք չենք ասում ում բերման ենթարկեն և ում ազատ արձակեն։ Օրենքն ա ասում ում բերման ենթարկեն և ում ազատ արձակեն: Սա շատ կարևոր է: Կարող ա մի մարդու տասն անգամ բերման ենթարկեն և բաց թողեն, և կարող ա մի մարդու մի անգամ բերման ենթարկեն և բաց չթողեն: Դա օրենքով սահմանված կարգով քննիչն է որոշում»