18-10-2016 15:52

Կարո Փայլանը դատի է տվել Էրդողանին` հայերին վիրավորելու համար

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դատի է տվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այդ մասին Կարո Փայլանը հայտնել է Twitter-ի իր էջում:

Պատգամավորն Էրդողանին մեղադրում է հայկական ինքնության դեմ ուղղված վիրավորանքի և ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու համար:

Նշենք, որ Էրդողանի դեմ բողոք ներկայացնելու մասին Փայլանը հայտարարել էր դեռևս երեկ:

Փայլանը, իր էջում կիսվելով Տրապիզոնում հավաքի ժամանակ Էրդողանի ելույթի տեսանյութով, նշել էր, որ ուշադիր հետևելու դեպքում նատելի է, թե ինչպես է Էրդողանը գոհ ժպտում, երբ տրապիզոնցիները վանկարկում են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»:

«Ժողովուրդը հայհոյում է հային: Բնավ չի միջամտում: Վաղը մեղադրանք եմ ներկայացնելու», - գրել էր նա Twitter-ի իր էջում:

Նույն ելույթի ընթացքում Էրդողանը հեգնել էր նաև կանանց, ինչը մեծ քննադատությունների առիթ է տվել թուրքական մամուլում: