Բավ է պառակտվել
12-06-2014 15:58

Վարչապետն ընդունել է Կարլ Լամերսին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Կարլ Լամերսին:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել երկկողմ գործակցության շարունակական զարգացումը: Ընդգծելով, որ ԵՄ պետությունների շարքում Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Գերմանիայի կառավարության կողմից շուրջ 464 մլն եվրոյին համարժեք ֆինանսական և տեխնիկական օգնության տրամադրումը: Վարչապետը նաև նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ջերմ հարաբերություններ են ձևավորվել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ և ընդհանրապես, առկա է միջխորհրդարանական բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն:
Իր հերթին Կարլ Լամերսը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Բունդեսթագի պատգամավորը նշել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում մեր երկիրը միշտ բարձր մակարդակով է ներկայացված եղել և ի դեմս Հայաստանի նա տեսնում է լավ բարեկամի, հուսալի գործընկերոջ:
Հանդիպման ընթացքում պարոն Լամերսի խնդրանքով վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է ինտեգրացիոն գործընթացներին (Մաքսային միություն, Եվրոպական միություն) Հայաստանի մասնակցության հեռանկարներին, ներկայացրել տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը, հարևան երկրների հետ հարաբերությունների ընթացքը և զարգացումները: Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է պահպանել և էլ ավելի բարձրացնել Եվրամիության հետ հարաբերություններում ձեռք բերված որակն ու դինամիկան: Դա հնարավորություն կտա շարունակել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները և հասնել գործակցության ավելի բարձր մակարդակի: Պարոն Լամերսը հավաստիացրել է, որ Գերմանիան պատրաստակամ է աջակցել մեր երկրին ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու գործում: