05-06-2014 12:04

Էկոնոմիկայի փոխնախարարի աշխատանքից ազատումը կապ չունի Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հետ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցրել է, որ Կարինե Մինասյանի, ով մինչ երեկ Էկոնոմիկայի փոխնախարար էր, աշխատանքից ազատումը որևէ կապ չունի Հայաստանի` Մաքսային միությանը միանալու գործընթացի հետ, որի աշխատանքները ղեկավարում էր հենց նա:

՛՛Նա աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՛՛,- հիշեցրեց նախարարը:

Հարցին, թե այդ դեպքում ով է ղեկավարելու ՄՄ-ի աշխատանքային խումբը, նախարարը նշեց, որ նախարարության մասով պատասխանատուներ կան։ ՛՛Երեք-չորս ոլորտ կա՛՛,- նշեց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը, նախարարը նշեց. ՛՛Աշխատանքից ազատվել է իր կամքով, դա որևէ կապ չունի ՄՄ-ի աշխատանքների հետ՛՛:

Լրագրողի դիտարկմանը, թե լեզու չեք գտել, նախարարը պատասխանեց. ՛՛Մենք միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել ու դեռ շատ վաղուց՛՛:

Հարցին, թե ինչ աշխատանքի կանցնի նախկին փոխնախարարը, նախարարն ասաց. ՛՛Չեմ կարծում, որ նախարարությունում կլինի, բայց հաստատ առանց աշխատանքի չի մնա՛՛,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Կարինե Մինասյանը ՀՀ-ի` ՄՄ-ին անդամագրվելու հայաստանյան խմբի ղեկավարն էր և համաձայն մամուլի հրապարակումների` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավոր անձանցից մեկը: