Բավ է պառակտվել
26-06-2018 19:03

Կարեն Կարապետյանը լքում է ՀՀԿ-ի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքում է Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Գնահատում եմ շատ նորմալ։ Կարեն Կարապետյանն ինքը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում՝ լինե՞լ առաջին տեղակալ, թե՞ չլինել։ Ես կոնկրետ հարգանքով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանի այդ որոշմանը», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Իսկ թե ո՞վ կփոխարինի Կարապետյանին այդ պաշտոնում, Շարմազանովը դժվարացավ ասել։ «ՀՀԿ խորհրդի նիստ կլինի, խորհրդի նիստն է լիազոր, իրավասու ընտրել կուսակցության նախագահի տեղակալներին և առաջին տեղակալին։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում», - ասաց նա։

Հարցին, թե դա փախո՞ւստ չէ Հանրապետական կուսակցությունից, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Փախուստ չի, ո՞վ է ասում, հիմա մարդն էդքան ակտիվ չի, մարդը, որպես առաջին տեղակալ, գտնում է, որ ինքն այս քաղաքական պրոցեսներում շատ ակտիվ ներգրավված չի, և գտնում է, որ արդար չի, որ ինքը, չլինելով ակտիվ ներգրավված քաղաքական գործընթացների մեջ, մնա էդ պաշտոնում»։

Ճշտող հարցին, թե Կարեն Կարապետյանը դուրս կգա՞ նաև Հանրապետական կուսակցությունից, Շարմազանովը պատասխանեց. - «Այս պահին նման որոշում չկա, կուսակցությունից դուրս գալու խոսակցություն չի եղել»։

Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ, որպեսզի անկուսակցական վարչապետն ու նախարարները նույնպես դառնան հանրապետական, Էդուարդ Շարմազանովը պարզաբանել էր՝ «անկուսակցական գործիչների ժամանակաշրջանը մնում է անցյալում, եթե որևէ մեկը ուզում է զբաղվել քաղաքականությամբ և ունենալ լուրջ դերակատարում, ապա պետք է լինի կուսակցական»: