Բավ է պառակտվել
09-09-2016 10:15

ՀՀ նախագահ. Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլ

Հայաստանի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունը Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի երեկ երեկոյան կայացած նիստում հաստատվելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ «առաջիկայում էական փոփոխություններ են լինելու և Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում»։

Անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀԿ ղեկավարն ասել է. - «Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը։ Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն։ Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել Հայաստանի Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով»:

«Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ: Այսօր, սակայն, մենք կխոսենք կառավարության մասին»,- ասել է Սարգսյանը իր ելույթում: