02-04-2017 13:01

Կարեն Կարապետյանն ու նրա կինը քվեարկել են իրենց ընտրական տեղամասում (Տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և նրա կինը քվեարկել են իրենց ընտրական տեղամասում, ինչից հետո վարչապետը պատասխանել է ընտրությունների վերաբերյալ լրագրողների հարցերին, և ոչ միայն: Ներկայացնում ենք լրագրողների հարցերն ու վարչապետի պատասխանները:

Հարց- Պարոն Կարապետյան, ինչի՞ համար եք քվեարկել:
Կարապետյան- Դուք գիտեք մեր կարգախոսը: Անվտանգություն և առաջընթաց: Ես քվեարկել եմ դրա համար:
Հարց- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի շանսերը:
Կարապետյան-Ժամանակը ցույց կտա:
Հարց- Ի՞նչ կանխատեսումներ ունեք ընտրությունների վերաբերյալ:
Կարապետյան-Կանխատեսումներ չկան: Ուզում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի, համերաշխություն և հանդուրժողականություն լինի:
Հարց-Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ ոչ մի քաղաքական ուժ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց:
Կարապետյան-Իրենցից հարցրեք:
Հարց-Ինչպե՞ս եք գնահատում բախումները, որոնք նախընտրական շրջանում տեղի ունեցան ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի կողմնակիցների միջև:
Կարապետյան-Պարզ է, որ բոլոր նմանատիպ միջադեպերը բացասական են: Բայց կարծում եմ առաջընթաց կա:
Հարց- Ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավին մասնակցություն չունեցավ, իսկ կուսակցության հիմնական առաջնորդը դարձաք Դուք:
Կարապետյան-Կուսակցությունում այդպես որոշեցին:

Հարց- Ի՞նչ կարող եք ասել դպրոցների տնօրենների աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ՝ ՀՀԿ-ի օգտին նրանց քարոզչության կապակցությամբ:
Կարապետյան-Ես ի՞նչ պետք է ասեմ: Եթե նրանք խախտում են արել, ապա պետք է պատժվեն, եթե ոչ՝ ապա չեն պատժվի: Դուք ցանկացա՞ծ մանրուքն եք ընտրությունների օրը քննարկման առարկա դարձնում: Էլի հարցեր կա՞ն:
Հարց- Դուք գտնում եք, որ նրանց գործողությունները կազմակերպված չէ՞ին:
Կարապետյան-Կարծում եմ՝ ոչ:
Հարց- Ե՞րբ էիք ավելի լավատես՝ քարոզարշավից առա՞ջ, թե՞ հետո:
Կարապետյան-Ես միշտ եմ լավատես:
Հարց- Կհաջողվի՞ արդյոք ՀՀԿ-ին խորհրդարանում մեծամասնություն կազմել:
Կարապետյան-Ժամանակը ցույց կտա:
Հարց- Հույս ունե՞ք արդյոք, որ Հանրապետականների ծրագիրն այնքան ուժեղ է, որ ընտրողները ձայն կտան հենց ՀՀԿ-ին:
Կարապետյան-Հույս ունեմ:
Հարց- Ի՞նչ Հայաստան եք Դուք պատկերացնում՝ առանց կարգախոսների:
Կարապետյան-Տրամաբանական, խելացի, որտեղ կա օրենքի գերակայություն:
Հարց- Կոալիցիայի ի՞նչ հնարավոր տարբերակներ եք տեսնում: Օրինակ, հնարավո՞ր է արդյոք կոալիցիա «Ծառուկյան» դաշինքի հետ:
Կարապետյան-Տվյալ պահին ոչինչ չեմ կարող ասել, ընտրությունները կանցնեն, և արդյունքների հիման վրա կկողմնորոշվենք: