Բավ է պառակտվել
27-03-2014 13:55

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում սիրիահայերին օժանդակելու ուղղությամբ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին: Նշելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, մասնավորապես Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած հարցերը ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու քայլեր: «Հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է», - շեշտել է կառավարության ղեկավարը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածը, ըստ որի ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրում իրականացնելու պահին գործող օրենսդրությունը: Կառավարության եզրակացության համաձայն գործադիրն առանձնակի կարևորում է օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ պայմանների և նախադրյալների ստեղծումը, գտնում, որ նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա այդ գործընթացի վրա, մանավանդ, որ ներդրումները վերջին տարիներին անկայուն բնույթ են կրում և հետճգնաժամային տարիներին կտրուկ նվազման միտում ունեն: Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Կառավարության որոշմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ուսանող Հայկ Գևորգյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ձմեռային զորակոչ: Հ. Գևորգյանն ավարտել է Երևանի պետհամալսարանի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտության բակալավրիատը և մագիստրատուրան: Այժմ նա հնարավորություն է ստանում ավարտել աշխարհի առաջատար բուհերից մեկը և ստացած գիտելիքն ու հմտությունը ներդնել հայրենի երկրում: