14-09-2015 16:49

Կառավարող ուժի վերարտադրվելու ցանկությունը քրեական հանցագործություն չի. Լ. Մարտիրոսյան


«Նախագիծը ընդդիմադիր զանգվածի կողմից բացարձակապես քննադատության չի արժանացել: Քննադատում են միայն որոշ գործիչներ, այն էլ պարզ չի, թե ինչն են քննադատում: Օրինակ ընդդիմադիր ՀՅԴ-ն երկու ձեռքով կողմ է այս փոփոխություններին: Կան առանձին քաղաքական- հասարակական գործիչներ, որ դեմ են ոչ թե փոփոխություններին, այլ դեմ են իշխանությունների կողմից ընդհանրապես որևէ նախաձեռնության»,-այս մասի այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության և պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննադատություններից:
Բանախոսը նշեց, որ հանրաքնեի կդրվի վերջնական տեքստը, իսկ թե ինչ տեսք այն կունենա, պարզ կլինի քննարկումներից հետո միայն, իսկ վերջնական որոշումը կայացնելու է ԱԺ-ն:
Ինչ վերաբերվում է այդ փոփոխություններին դեմ հանդես եկողներին, ապա նա նշեց.
«Ակնհայտ է, որ իրենց ոչ մի բան չի հաջողվի, որովհետև օրակարգ չունեն, անհայտ է, թե ինչին են դեմ և ինչը պիտի տապալվի: Եթե դու տասնամյակներ շարունակ կոչ ես արել, որ պետք է անցում կատարվի խորհրդարանական համակարգի, որ հարյուր տոկոսանոց համամասնական համակարգ պետք է որդեգրվի ՀՀ-ում ,և դա արվում է, էլ ինչի՞ն ես դեմ»:
Ինչ վերաբերվում է Սահմանադրության փոփոխված տարբերակի միջոցով իշխանության վերարտադրության վերաբերյալ տագնապներին, ապա բանախոսը ասաց.
«Իշխանության վերարտադրությունը միշտ էլ կա և իշխանությունը վերարտադրվելու համարՍահմանադրությունը չի, որ պետք է փոխվի:
Գործող, կառավարող ուժի կողմից վերարտադրվելու ցանկությունը քրեական հանցագործություն չի, դա նորմալ քաղաքական ցանկություն է և ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած երկրում, միշտ էլ ձգտում է հնարավորինս երկար մնալ իշխանության և իր ծրագրերն իրականացնել:
Գերմանիայում կամ ֆրանսիայում տասնամյակներ շարունակ մի քաղաքական ուժ կարող է իշխանության գլուխ լինել և անձնավորված ձևով: Տվյալ վարչապետը, օրինակ, տասը տարի կարող է մնալ իր պաշտոնին և այդտեղ որևէ կրիմինալ բան չկա, դա քաղաքական ցանկություն է:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ որևէ պետական պաշտոն չի ցանկանում գրավել փոփոխություններից հետո: Եթե մարդը հայտարարել է, որ չի ցանկանում մնալ, այդ մասին խոսելը անհեթեթություն է»:

Մարինե Բարսեղյան