24-06-2014 13:48

Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Փարիզ կմեկնեն. Ջ. Ուորլիք


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին կոչ են անում խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացը. այդ մասին Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով շփման գծում հրադադարի խախտումների դեպքերը։

Ըստ Ուորլիքի՝ մոտ ապագայում կկազմակերպվի ևս մեկ գագաթաժողով՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկխոսության կառուցողական շարունակություն։
«Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը՝ Փարիզում հանդիպելու վերաբերյալ»,-ասել է ամերիկացի համանախագահը։
Ուորլիքը նշել է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող։
«Նման դիվերսիաները շփման գծում արգելակում են հակամարտության կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է և կարող է հանգեցնել շրջանի բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը»,-ասել է նա։

Պատասխանելով համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք հերթական այցի մասին հարցին՝ Ուորլիքը նշել է, թե անհամբերությամբ է սպասում բանակցությունների շարունակությանը՝ կամ տարածաշրջանում, կամ այլ վայրում։ «Դեռևս աշխատում ենք հերթական հանդիպումը ծրագրելու վրա»,-ասել է Ուորլիքը։