Բավ է պառակտվել
26-02-2014 14:51

ՀԱԿ պատգամավոր Ջհանգիրյանը հավատում է ՀՀ ԱԺ նախագահի պնդումներին

Աժ-ում շարունակվում է քննարկվել ՀԱԿ խմբակցության՝ ՛՛Մարտի 1-ի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը:
՛՛Ինչպիսի հետևություններ պետք է անեն ընդդիմությունն ու իշխանությունը՝ ապագայում նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու համար՛՛,-հարցրեցվ ՛՛Հանրապետական՛՛ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին:

՛՛Ինձ հետաքրքրում է, Ձեր կարծիքը, թե ինչպիսի հետևություններ պետք է անեն ընդդիմությունն ու իշխանությունը՝ ապագայում նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու համար՛՛,- նշեց նա և հավելեց, թե որ 3 զոհերի սպանությունն արդեն կարելի է հեշտությամբ բացահայտել և այլն։

՛՛Որպես նախաձեռնության հեղինակ չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ նման պնդումներով հանդես չգալ, որպեսզի որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ հանձնաժողովի ստեղծումը Ձեր համար ծառայելու է որպես գործիք՝ ամրապնդելու այն գնահատականները, որոնք Դուք ունեք և որոնց մենք ծանոթ ենք՛՛,- հարցրեց նա։

ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, որ եթե հանձնաժողովը ստեղծվի, ապա լավագույն դեպքում ինքն ընդամենը իրենց խմբակցության ձայնի իրավունքն է ունենալու։
՛՛Հետո մենք համաձայնել ենք քաղաքական մեծամասնության քվեարկությանը, և հանձնաժողովը ձևավորել ենք նույն էթիկայի հանձնաժողովի համամասնությամբ, որ թվային առավելությամբ կամ զոռբայությամբ հարցեր չանցկացնեն՛՛,-պատասխանեց Ջհանգիրյանը և նշեց, որ եթե անառարկելի փաստերին ծանոթանա և լսի մասնագետների չհերքվող պնդումները, չի կարող այլ դիրքորոշում ունենալ, քան օբյեկտիվության պաշտպանությունը։

Ջհանգիրյանը նկատեց, թե համամիտ է, որ քաղաքական բոլոր ուժերի մասնակցության և պատասխանատվության հարցերը պետք է քննարկվի, սակայն, ըստ նրա, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հարցում այդ խնդիրը դրված չէ։

՛՛Ես որևէ խնդիր չունեմ ինչ որ մեկի սխալը քողարկելու կամ մատնացույց անելու հարցում՛՛,-նշեց Ջհանգիրյանը:
Իսկ Սամվել Ֆարմանյանը արձագանքելով հարցրեց.

՛՛Դուք Ձեր թոռներին կամ դասախոսներին, եթե ապագայում ներկայացնելու լինեք, ի՞նչ հետևություններ պետք է անի օրվա քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը, որպեսզի մեր երկրում նման իրադարձություն տեղի չունենա։ Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք՛՛:

՛՛Ես խորհուրդ կտամ քաղաքական խնդիրները լուծել քաղաքական միջոցներով։ Խորհուրդ չեմ տա, քաղաքական խնդիրները լուծել զենքի միջոցով։ Խորհուրդ չեմ տա, որպեսզի սպանություններ , հանցագործություն կատարած անձինք խուսափեն քրեական պատասխանատվությունից ։ Ես հավատում եմ պարոն Աբրահամյանի երեկ արված այն պնդումներին, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին թալանի, հափշտակության և այլնի թույլտվություն կամ համաձայնություն չի տվել, հուսով եմ, որ նաև չի տվել սպանության թույլտվություն որևէ մեկին և, կարծում եմ ու վստահ եմ, որ քաղաքական մեծամասնությունը պետք է շահագրգիռ լինի, ինչպես հրապարակային հայտարարում են Ձեր քաղաքական ուժի ղեկավարները, այդ հանցագործությունները բացահայտելու հարցում։ Բայց չբացահայտելով շատ հարցեր զարմանում եմ, թե ինչո՞ւ մինչև հիմա շահագրգիռ չեն՛՛ա,-պատասխանեց Ջհանգիրյանը։