11-04-2014 19:28

«Համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել հակամարտող կողմերին». Ուորլիք

Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն հատկացնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը՝ բանակցությունների բարելավման համար, այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ու հավելել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անհաyms-նգստացած է հայ- ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։ Վերջինիս խոսքով՝ զոհերի և վիրավորների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան։ Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն և դրա բոլոր ինստիտուտներն աջակցում են խաղաղ կարգավորման հասնելու համանախագահների ջանքերին։ Նրա համոզմամբ՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են այդ աշխատանքի կարևորությունը։ Կողմերը պետք է օգտվեն այդ պահերից, որպեսզի վճռական քայլեր ձեռնարկեն խաղաղ գործընթացի առաջխաղացման համար։ Ինչպես նշում է Ուորլիքը, համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել։ «Ես և մյուս համանախագահները ողջ ուշադրությունը սևեռել ենք կողմերին օգնելու հարցի վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, նախագահների՝ վերջին 5 տարիներին ընդգծած տարրերի հիման վրա արդար և կայուն լուծման հասնելու համար։ Մեր չեզոքությունը շատ կարևոր է այս գործընթացի համար»,- ասել է Ուորլիքը։ Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման մասին՝ համանախագահը նշել է, որ նախագահները համաձայն են բարձր մակարդակով հետագա բանակցությունները շարունակելուն։