28-01-2016 15:39

Իսրայելն ու Հունաստանը միացան ՌԴ-ին՝ թուրքիային բարձր մակարդակով մեղադրելու հարցում

Աթենքում կայացած Հունաստանի և Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հրեական պետության ՊՆ Մոշե Յաալոնն ուղղակիորեն մեղադրել է Թուրքիային՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը հովանավորելու հարցում՝ «Բոլորին է հայտնի, որ ԻՊ-ն արդեն տևական ժամանակ ստանում է Թուրքիայի փողերը՝ վաճառված նավթի դիմաց: Հուսով եմ՝ վերջապես վերջ կդրվի դրան: Ժամանակն է եկել, որ թուրքական իշխանությունները որոշում կայացնեն՝ մտադիր են արդյոք վերջապես միանալու ահաբեկչության դեմ պայքարին»: Նշվածի առթիվ news.gisher,ru-ն զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Թուրքական իշխանությունների հասցեին մոտավորապես նույնաբովանդակ քննադատություն է ուղղել նաև Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը՝ նաև հավելյալ կոչ անելով Անկարային՝ սահմանափակելու գաղթականների հոսքերը դեպի Եվրոպա»: Այսպիսով, ըստ փորձագետի, Իսրայելն ու Հունաստանը ևս միացան Ռուսաստանին՝ ԻՊ-ին աջակցելու հարցում թուրքական կողմին նման մակարդակով ուղղված մեղադրանքների հետ կապված: Մինչդեռ, եթե պաշտոնական Աթենքի նման դիրքորոշումը Անկարայի հետ հարաբերություններում օբյեկտիվ է՝ պայմանավորված պատմական իրողություններով, իսկ ներկայում՝ միգրանտների մեծածածավալ հոսքերի հետ կապված, որոնց ուղղակի և առաջնային ազդեցությունը կրում է Հունաստանը, ապա Իսրայելի դեպքում, երևույթը որոշ մտորումների տեղիք է տալիս: «Նախ պետք է նշել, որ ԻՊ-ին հովանավորելու վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը Իսրայելի կողմից նման բարձր մակարդակով Թուրքիային մեղադրելու առաջին դեպքն էր: Այս մեղադրանքն անսպասելի էր, քանի որ հատկապես վերջին շրջանում երկկողմանի ակտիվ քայլեր էին իրականացվում՝ կարգավորելու 2010թ.-ից սրված թուրք-իսրայելական հարաբերությունները»,-նշեց Արմեն Պետրոսյանն ու շարունակեց, որ չի բացառվում, որ իսրայեական բարձրստիճան պաշտոնյայի հայտարարությունն իսրայելական կողմի պատասխանն է՝ պաշտոնական Անկարայի նման գործելաոճին: Հաջորդ հնարավոր տարբերակը պայմանավորված է իսրայելական պաշտպանական և անվտանգային շրջանակներում վերջին շրջանում ակտիվացած քնարկումներով առ այն, որ ԻՊ-ը լուրջ սպառնալիք է նաև հրեական պետության անվտանգության համար: «Բացի այդ, հունվարի 26-ին իսրայելական օդուժն առաջին անգամ հարվածել է Եգիպտոսի Սինայի թերակղզում ԻՊ-ի ճյուղավորումը հանդիսացող «Սինայի վիլայեթ» խմբավորման դիրքերին: Իսրայելկան կողմի գուցե երկրորդական դրդապատճառներից մեկն էլ կարելի է դիտարկել ԻՊ-ի կողմից վաճառվող նավթի վաճառքից շահելու հնարավորությունների սահմանափակումը. նախկինում Իսրայելը ևս հանդիսանում էր սև շուկայում իսլամականների նավթի գնորդներից մեկը»,-հավելեց մասնագետն ու եզրափակելով զրույցը նշեց. «Վերոնշյալը հաշվի առնելով ՝ կարելի արձանագրել, որ ահաբեկչական կառույցների հանդեպ Թուրքիայի հովանավորչական քաղաքականությունից բխող լրջագույն վտանգն արդեն օրակարգային է դարձել ողջ միջազգային հանրության համար, որն առայժմ սահմանափակվում է թուրքական կողմի հասցեին ուղղված սուր հռտետորաբանությամբ»:

Տաթև Առաքելյան