Բավ է պառակտվել
26-11-2016 15:12

Գալիք տարիների փոփոխությունները կլինեն բեկումնային. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 16-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել հաշվետու զեկույցով: Իր զեկույցում Նախագահը խոսել է նաև տնտեսական վիճակի մասին՝ նշելով, որ գալիք տարիներին Հայաստանն ականատես կլինի բեկումնային փոփոխությունների։

«Կառավարության և մեր բոլորի ուշադրության թիվ մեկ առարկան, իհարկե, մեր տնտեսությունն է, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու գերկարևորությունը։ Հայաստանի տնտեսության, այսպես ասած, «իմունիտետը» շատ է փոխվել այս տարիների ընթացքում։ Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ալիքները և չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ։ Հենց այդ՝ անընդհատ ավելացող ամրության պաշարն է նաև, որ մեզ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել։ Մասնավորապես, 2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ (ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոս աճ, Արևելյան Եվրոպայում՝ 17.2 տոկոս աճ), իսկ ԱՊՀ-ում՝ 22.4 տոկոս աճ։ Հայաստանը վերջին 9 տարիներին շարունակել է զարգանալ` միաժամանակ դիմագրավելով այնպիսի տնտեսական ցնցումների, որոնք երբեմն համեմատվում են նախորդ դարի երեսնականների մեծ դեպրեսիայի հետ։

Այդ պայմաններում մենք կարողացանք ոչ միայն չդոփել տեղում, այլև նոր հորիզոններ բացել երկրի զարգացման համար, փոխել տնտեսության կառուցվածքը՝ դարձնելով այն ավելի բազմազան, նաև տնտեսության կառուցվածքում էականորեն մեծացնել արտահանումը՝ միաժամանակ կրճատելով ներմուծման ծավալները։ Մասնավորապես, եթե ընդամենը դարասկզբին արտահանելի հատվածի նպաստումը կազմում էր մեր ՀՆԱ-ի աճի մոտ 20-23%-ը, ապա վերջին հինգ տարիներին այն կազմել է 72%-ը: Եթե 2006 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 985 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015 թվականին՝ 1 միլիարդ 485 միլիոն, իսկ այս տարվա 9 ամիսներին՝ 1.3 միլիարդ։ Տնտեսական աճի կառուցվածքի նման փոփոխությունը մի կողմից պարտադրվեց 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքով, մյուս կողմից դարձավ Հայաստանի ընտրած տնտեսական քաղաքականության լրջագույն ձեռքբերումը։ Տնտեսական աճի կախվածությունը դրամական փոխանցումներից իր տեղը զիջեց ներքին տնտեսական գործոնների գերակայությանը։

Արդյունքում՝ 2007-2015 թվականներին աշխատողների իրական աշխատավարձն աճեց 39.2 տոկոսով։ Սա հնարավոր է դարձել ոչ միայն իրական տնտեսական աճ ապահովելու արդյունքում, այլև ընդհանրապես և մասնավորապես՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամերի տարիներին գների կայունությունն ապահովելու արդյունքում։ Ցանկացած մասնագետ կպնդի, որ գների կայունությունն ապահովելու տեսանկյունից այս դժվարին տարիներին Հայաստանն այլ երկրների հետ համեմատության առումով փայլուն արդյունքներ է արձանագրել, և սա մեր կարևորագույն ձեռքբերումներից է»,– ասաց Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահի խոսքով՝ անցած տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը շարունակաբար բարձրացել է: Եթե 2007 թվականին այն կազմում էր 20 հազար դրամ, ապա ներկայումս այն 55 հազար դրամ է: Այսինքն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն աճել է 2.8 անգամ:

Լրջորեն աճել են աշխատավարձերը մեր երկրի պետական հատվածում: Եթե 2007 թվականին պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 60985 դրամ, ապա 2016 թվականի ինն ամիսներին կազմել է 160688 դրամ: Այսինքն՝ անցած 9 տարիների ընթացքում պետական հատվածում աշխատավարձը բարձրացել է 2.6 անգամ: Մասնավոր հատվածում 2016 թվականի ինն ամիսներին միջին աշխատավարձը կազմել է 214169 դրամ՝ 2007 թվականի 90879 դրամի փոխարեն կամ աճել է 2.4 անգամ։

Նմանապես զգալիորեն աճել են կենսաթոշակները: Եթե 2007 թվականին միջին ամսական կենսաթոշակը կազմել է 12746 դրամ, ապա 2016 թվականին այն գերազանցել է 42000 դրամը: Այսինքն՝ անցած 9 տարիների ընթացքում միջին ամսական կենսաթոշակը բարձրացել է 3.3 անգամ:

Բնակչության և տնտեսավարողների ավանդները 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել է 1.6 տրիլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ 2006 թվականի դեկտեմբերի դրությամբ այն կազմել է 272 միլիարդ դրամ։ Աճը՝ 5.8 անգամ։ Ընդ որում, միայն բնակչության, այսինքն ֆիզիկական անձանց ավանդները կազմել են շուրջ 1 տրիլիոն դրամ, իսկ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում երաշխավորված ավանդների քանակն արդեն անցնում է 1.8 միլիոնը։

«Իհարկե, հարց է ծագում՝ եթե աշխատավարձերն աճել են, կենսաթոշակն աճել է ու տնտեսությունը նույնպես աճել է, ապա ինչպիսին է մեզ բոլորիս առաջին հերթին հուզող աղքատության վիճակը։ Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատողների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ։ Ֆինանսական ճգնաժամը հարվածեց հենց այս հատվածին։ Բավական է նշել, որ եթե 2008 թվականին ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2.3 միլիարդ դոլար էր, ապա 2009 թվականին այն կտրուկ նվազեց՝ հասնելով տարեկան 1.6 միլիարդի։ Ավելին, 2015 թվականին, հաջորդ ճգնաժամի հետևանքով, նույն ցուցանիշով ունեցանք արդեն կես միլիարդ դոլարի անկում։ Նույն միտումը շարունակվում է նաև այս տարի։

Այսպիսով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մեր երկրում կտրուկ աճել էր աղքատության մակարդակը՝ մեծացնելով աղքատությունը մոտ 9 տոկոսով։ 2010 թվականին այն կազմեց 35.8 տոկոս։ Սակայն գործադրված հետևողական ջանքերի շնորհիվ հաջողվեց այն աստիճանաբար կրճատել՝ 2015 թվականին հասցնելով մինչև 29.8%: Այսպիսով, արտաքին եկամուտների անկմամբ պայմանավորված աղքատության աճը կարողացանք նվազեցնել ներքին տնտեսության իրական աճի հաշվին։ Սա պետք է համարել անկախ Հայաստանի էական տնտեսական ձեռքբերումը, որի հիմքի վրա էլ պիտի հաղթահարենք հետագա վերելքը՝ աղքատության նվազումն ու բարեկեցության աճը խթանելով։

Ավելին, նշենք, որ աղքատությունը խիստ դինամիկ երևույթ է. մարդու բարեկեցությունը փոքր-ինչ մեծացնելը, եկամուտները և ծախսերն ավելացնելը ինքնաբերաբար չեն կրճատում աղքատությունը, քանի որ մարդու կարիքներն էլ անընդհատ աճում են ըստ իր կեցության։ Եվ այս հարցում մենք ազնիվ ենք գտնվել ու ճշգրտել ենք բնակչության յուրաքանչյուր խմբի համար աղքատության իր հստակ շեմը՝ 2009 թվականին ճշգրտելով սպառողական նվազագույն զամբյուղն ու փոխելով աղքատության հաշվարկի մեթոդոլոգիան։ Եթե պահպանեինք հին մեթոդոլոգիան, եթե համարեինք, որ նախկին նվազագույն շեմը հաղթահարելը բավարար է, ապա 2004 թվականի մեթոդոլոգիայով այսօր պիտի հայտարարեի, որ աղքատությունն իջել է մինչև 18.1 տոկոս։ Տնտեսական քաղաքականությունը հաշվի է առել ու այսուհետ էլ հաշվի է առնելու մեր բնակչության աճող կարիքները ու չի բավարարվելու այն ցուցանիշներով, այն պահանջներով ու նվազագույն շեմով, որոնք մենք դրել ենք տասը տարի առաջ»,– ասաց նա։

ՀՀ Նախագահի խոսքով՝ բնակչության բարեկեցությունը մեծացնելու համար նաև մի շարք ծրագրեր են ներդրվել։ Այսպես, ներդրվել է սոցիալական փաթեթների համակարգը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների, երիտասարդ մասնագետների ընտանիքներին Երևանում և մարզերում մատչելի բնակարաններով ապահովելու գործընթացը: Այսօր փոխվել են բնակչության կարիքները, երիտասարդները գերադասում են ունենալ իրենց ապահով բնակարանը, ապրել ինքնաբավ։ Եթե 2006 թվականին մեկ բնակչի ապահովվածությունը բնակարանային ֆոնդի մակերեսով կազմում էր 23.6 քառակուսի մետր, ապա 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 31.3 քառակուսի մետր, կամ աճել է ավելի քան 30 տոկոսով։ Գազի, էլեկտրական էներգիայի, ջրի սպառումը և շատ այլ ցուցանիշներ ևս նույն միտումներն ունեն։

«Մեկ թիվ հնչեցնեմ միայն. եթե ջրամատակարարման շարունակականության միջին տևողությունը Երևանում 2007 թվականին 17.4 ժամ էր, ապա այսօր արդեն հասել է 23.4 ժամի՝ շատ մոտ շուրջօրյային։ Այս իրողությունները միայն մեկ բան են հուշում՝ էականորեն մեծացել է բնակչության բարեկեցությունը։ Բայց ինչպես ասում են, եթե նախկինում քչով բավարարվում էինք, այսօր ավելի մեծ կարիքներ ունենք։ Մարդու էությունն է այդպիսին. շատ բաներ, որոնք արդեն կան, ասենք շուրջօրյա էլեկտրամատակարարում կամ ջրամատակարարում, լուսավորված ու ծաղկազարդ փողոցներ և այլն, մարդիկ սկսում են չնկատել, բայց որևէ բանի բացակայությունը նկատում են միանգամից։ Ու սա բնական է, ու սա լավ է։ Կարևորը, որ շարունակելու ենք առաջանցիկ աճը՝ ապավինելով մեր ուժերին։

Իսկ արդյո՞ք մենք բավարարված ենք այս ցուցանիշներով: Իհարկե՝ ոչ: Հակառակ դեպքում կարիք չէինք ունենա անընդհատ խոսելու կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ավելին, ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ՝ մենք մեծացրինք արտաքին պարտքը։ Սակայն, նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին և երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը, երկրի անվտանգությունը, այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա։

Գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային, քանի որ հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը։ Այլևս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,– ասաց ՀՀ Նախագահը։

Սերժ Սարգսյանը նաև նշեց նաև, որ Հայաստանը, ի տարբերություն այլ հետխորհրդային երկրների, այնպիսի մակրոտնտեսական միջավայր է ապահովել, որտեղ ցնցումները կարգավորվում են տոկոսադրույքի քաղաքականությամբ կամ բյուջեի դեֆիցիտի համապատասխանեցմամբ, որտեղ փոխարժեքի կտրուկ տատանումը նույնականորեն չի բարձրացնում գները և նվազեցնում մարդկանց իրական եկամուտները, որտեղ մարդը կարող է երկարաժամկետ պլանավորել իր խնայողությունները, կուտակել թոշակը։

«Համեմատության համար՝ շատ երկրներում ֆինանսական ճգնաժամի հետևանքով բնակչության զգալի հատված հայտնվեց փողոցում, կամ պետական պահուստների ահռելի կրճատում արեցին, անգամ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներ ուղղեցին իրավիճակի կայունացմանը կամ էապես օգտագործեցին նավթային եկամուտներից գոյացած պահուստները։ Ուշագրավ էր «Ռոյթերս» գործակալության վերլուծությունը, որտեղ ընդգծվում էր Հայաստանի՝ ֆինանսական ճգնաժամի հանդեպ ճկուն և որոշիչ քաղաքականությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում Հայաստանը ռեկորդակիր է ճգնաժամի հանդեպ արված քաղաքական որոշումների քանակով։ Այսպես, 2016 թվականի ընթացքում Հայաստանը 9 անգամ անդրադարձել ու կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջերս արդեն տասներորդ անգամ իջեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և 2015 թվականի 10.5 տոկոսից այն արդեն այսօր հասել է 6.5 տոկոսի։ Արդյունքում Հայաստանը, որպես հետճգնաժամային իրավիճակին արձագանքող, դարձավ լավագույններից մեկը՝ տալով տնտեսությանն ընդլայնող դրամավարկային քաղաքականության լուրջ իմպուլս։ Հերթը տնտեսավարողներինն է և մեր գործարարի պրպտող, ստեղծագործող, մրցունակ մտքինը, որի արդյունքների ականատեսն ենք արդեն իսկ, և դրանք, իհարկե, բազմապատկվելու են։

Ուժեղ Հայաստան՝ ահա մեր ազգային գաղափարը, որը կարող ենք նաև անվանել ազգային երազանք կամ նպատակ: Համոզված եմ՝ սա այն գաղափարն է, որ կմիավորի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը: Մեր երկրում հասարակական համաձայնությունը պետք է կառուցվի հենց այս գաղափարի շուրջ: Այն պետք է դառնա նոր պայման, համերաշխության նոր բանաձև բոլորի համար:

Մենք միշտ ձգտել ենք իրար կապել Հյուսիսը և Հարավը, կամուրջներ գցել Արևելքի և Արևմուտքի միջև: Հայաստանի լեռներում կղզիանալը երբեք մեր ցանկությունը և նպատակը չի եղել:

Այսօր էլ մենք բաց ենք համագործակցության համար, որի լավագույն ապացույցն են այն ջերմ և բարիդրացիական հարաբերությունները, որ ունենք մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: Համագործակցելու մեր պատրաստակամությունն ապացուցելու են գալիս նաև մեր ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության կազմում, ինչպես նաև Եվրոպական միության հետ մեր ունեցած փոխըմբռնումը և տնտեսական համագործակցությունը:

Սակայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեր հանդեպ վարվող քաղաքականությունը մեզ այլընտրանք չի թողնում: Մենք այլ ընտրություն չունենք, քան գերազանցության ձգտելը: Մենք մեզ ոչ մեկից առավել չենք համարում, սակայն նաև վստահ ենք, որ պարզապես մեկ-երկու կետով առավելություն ունենալով մեր մրցակիցների հանդեպ չենք կարողանա արդյունավետորեն զարգանալ:

Մենք պետք է դառնանք անգերազանցելի այն բնագավառներում, որտեղ մեր աճի հնարավորությունները կախված չեն լինելու մեր անբարյացակամ հարևանների քաղաքականությունից: Արդեն սահմանել ենք մի շարք առաջնահերթություններ, որոնց շարքում են գյուղատնտեսությունը, կրթությունը և նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, թեթև արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը, ոսկերչությունը և ակնագործությունը, ֆինանսաբանկային ծառայությունները, զբոսաշրջությունը: Այս ցանկն, անշուշտ, կարելի է շարունակել»,– ընդգծեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նաև նշեց, որ այս ոլորտներում մեր առավելությունները մրցակիցների հանդեպ պետք է լինեն ոչ թե հարաբերական, այլ բացարձակ: Դա է մեր ազգային նպատակը և գաղափարը: Մենք պետք է իսկապես մրցունակ լինենք ողջ տարածաշրջանի մակարդակով:

«Նշածս բնագավառներից և ոչ մեկի զարգացումը չի կարող մեկուսացած տեղի ունենալ: Այդ բոլոր ոլորտները զարգանում են մեր երկրի միջավայրում, ուստի և կրում են եղած բացասական երևույթների ազդեցությունը: Այդ բացասականը մենք պետք է նվազեցնենք և վերացնենք: Հաջողությամբ իրականացված յուրաքանչյուր բարեփոխում բերելու է նոր հաջողություններ մյուս բնագավառներում: «Հայկական»-ը պետք է լինի «լավագույն»-ի հոմանիշը»,– ընդգծեց Նախագահ Սերժ Սարգսյանը: