05-09-2014 12:17

Մահմեդական երկրներում կատարվող վայրագությունները կարող են սպառնալ նաև Հայաստանին

Մեծ իսլամի պետություն կառուցելն իսլամիստների պապենական երազանքն էր, այնպես չէ, թե նրանք միայն այս վերջին տարիներին են ոտքի կանգնել: Անդրադառնալով մահմեդական երկրներում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, նման կարծիք հայտնեց արևելագետ Խաժակ Թոմոյանը: Ըստ նրա այսօր մեր երկիրը ևս վտանգի տակ է, քանի որ չունենք ճիշտ դիվանագիտական մոտեցում: Այսօր աշխարհում ընթանում է դիվանագիտական պատերազմ, վստահ է բանախոսը, ըստ նրա, այսօր շատ ու շատ պատերազմներ մղվում են նաև զենքի սպառման նպատակով:

News.gisher.ru-ի այն դիտարկմանը, թե այսօր Հայաստանն ինչ դիվանագիտական մոտեցում պետք է ցուցաբերի սպառնացող վտանգից խուսափելու համար, բանախոսը փաստեց, որ այս խնդրով պետք է զբաղվի Արտաքին գործերի նախարարությունը:
Այսօր Հյուսիսային Իրաքում դաժանաբար եզդի ազգի սպանդ է իրականացվում: Սա ևս կապված է իսլամի տարածման հետ: Ըստ Թոմոյանի այս վայրագությունները մի նպատակ ունեն. ըստ իսլամիստների, սա պայքար է անհավատների դեմ:


Բանախոսը այս իրադարձություններն անմիջականորեն կապում է նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Այսքան տարի փորձ է արվում վերացնել ևս մեկ ազգի: Իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, արևելագետը զարմանում է, թե ինչպես է ստացվում , որ Իսրայելի գործողություններն ուղղված Պաղեստինին՝ չի քննադատվում և ոչ մի գերտերության կողմից, նման արձագանք եղավ նաև Սիրիայում, երբ ջանասիրաբար փորձ արվեց հայերին կոտորելու և տարհանելու: