02-10-2015 21:00

«Իսլամական պետություն»-ը գաղափարախոսություն է, որ սպառնում է աշխարհին

Արդեն երկու օր է, ինչ ռուսական օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում, և դա, ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի արվում է գերտերությունների փոխհամաձայնությամբ.
«Ռուսաստանը դրանով բարձրացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում և դրանից դուրս:
Հարվածները այժմ հասցվում են արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածներում»:
Փորձագետը նշեց, որ այս պայքարը ի սկզբանե սկսվել էր «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, սակայն այժմ թիրախը ոչ միայն այդ խմբավորումն է.
« Ասադի վարչակարգը նման ռազմական աջակցություն մինչ այս չէր ունեցել, և այժմ հնարավոր է իրավիճակի փոփոխություն: Արևմտյան լրատվական կենտրոնները շահարկում են այն տեսակետը, որ ռուսական օդուժը հարվածում է նաև չափավոր ընդդիմությանը: Ասեմ, որ այդ ընդդիմություն կոչվածը « փուչիկ» էր, որ պայթեց 2013թ.-ին և դրա ներքո ի հայտ եկան արմատական խմբավորումներ, որոնք ինչ-որ առումով հավասարազոր են «Իսլամական պետություն» խմբավորմանը, քանի որ Ալքաիդայի ճյուղերն են հանդիսանում»:
Արաբագետը շեշտեց, որ սիրիական խնդրի հանգուցալուծման բանալին պետք է փնտրել հենց Սիրիայում.«ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում ձախողված է և ներկայումս պայքար է գնում զուտ Սիրիայի ամբողջականությունը պահպանելու համար»:
«Ինչ վերաբերվում է «Իսլամական պետության» ներկայացրած գլոբալ վտանգին, ապա Սրգիս Գրիգորյանը նշեց, որ «Իսլամական պետությունը», դա գաղափարախոսություն է, և մի շարք մուսուլմաններ կիսում են այդ գաղափարախոսությունը, սակայն չեն գնում Սիրիա, որ միանան պայքարին, այլ մնում են իրենց տեղերում, այդ թվում նաև Ռուսաստանում և ցանկացած պահի կարող են գլուխ բարձրացնել:«Ռուսաստանում «Իսլամական պետությունը» վիլայեթ է հռչակել և այն պետք է ակտիվություն ցույց տա, երբ որ հրահանգ լինի: Դա լուրջ սպառնալիք է Ռուսաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար»,- եզրափակեց արաբագետը:

Մարինե Բարսեղյան