28-02-2014 13:24

Ըստ Ռուբեն Հակոբյանի իշխանությունները չեն ցանկանում բացահայտել մարտի 1-ի դեպքերը

Այսօր, ՀՀ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ իշխանությունները բնավ չեն ցանկանում բացահայտել մարտի 1-ի դեպքերը:
Նա նշեց, որ Ալեքսանդր Արզումանյանը շատ համոզիչ էր խոսում, թե քանի դեռ կա ներկա իշխանությունը, «Մարտի 1-ը» չի կարող բացահատվել։ Իշխանությունը շահագրգռված չէ եւ քաղաքական կամք չունի: Պետք է անպայման գտնել Մարտի 1-ի կազմակերպիչներին եւ մեղավորներին: Մարտի 1-ը նախագահական ընտրությունների հետեւանքն էր: Իսկ ամեն ընտրության պատասխանատվություն կրում է իշխանությունը` ոչ միանձնյա, բայց՝ հիմնական:

Ռուբեն Հակոբյանը նաև հավելեց, թե ընդգծել է, որ 2008թ. հունիսին ՛՛հանձնաժողովը «լավ օրից» չէր ստեղծվել, այլ այն պատճառով, որ իշխանությունները պատրաստ չէին հարցն իրավական դաշտ տեղափոխել. ստիպված եղան այն փոխարինել քաղաքականով:

Նշենք, որ ՀԱԿ-ը նորից առաջ է քաշել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ժամանակավոր պատգամավորական հանձնաժողով ստեղծելու հարցը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ: Ցուցարարների եւ եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: